Մեկնարկել է Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում փաստացի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման 20 համակարգի ներդրման գործընթացը

16-02-2017

Փետրվարի 16-ին տեղի է ունեցել «Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում փաստացի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման համակարգի ներդրում» թեմայով միջոցառումը: Միջոցառման նպատակն է՝ Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ զբաղվող ջրօգտագործողներին ներկայացնել 2016թ. հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա, 2017թ. ընթացքում Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում փաստացի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման 20 համակարգի ներդրման գործընթացը:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանն իր խոսքում նշել է, որ 2015թ. ընթացքում, ԵՄ «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվել է պիլոտային ծրագիր` ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ, Մեծամոր և Արաքս համայնքների ընտրված ձկնաբուծական տնտեսությունների երեք հորատանցքերում տեղադրվել են թվային ջրաչափական սարքավորումներ: «Պիլոտային ծրագրի ներդրումը տվել է դրական արդյունք և ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակեց բանակցությունները Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում փաստացի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման համակարգի ամբողջական ներդրման համար: Նախատեսվում է սույն համակարգը ներդնել Արարատյան դաշտի բոլոր ձկնաբուծական տնտեսություններում»,-նշել է բանախոսը:

Տեղեկացվել է նաև, որ 2017թ. ընթացքում 20 ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման համար, նախապատվություն է տրվել Արարատյան դաշտի խոշոր (մեծ ծավալի ջրառ իրականացնող) ձկնաբուծական տնտեսություններին:

Վահան Դավթյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ցուցաբերած աջակցության համար:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ծրագրերի կառավարման մասնագետ, բնապահպանության գծով պատասխանատու Մարինա Վարդանյանը` ներկայացնելով ՀՀ բնապահպանության նախարարության հետ իրականացվող ծրագրերը և գրանցված արդյունքները:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հասարակական գործերի և հաղորդակցության հարցերով տնօրեն Էլինա Մարգարյանը իր խոսքում նշել է, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը կարևոր է նաև սոցիալական պատասխանատվության բարձրացման համատեքստում:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել քննարկում մասնագետների, ջրօգտագործողների և ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների հետ:

<
>