Ռազմավարական էկոլոգիական գնահատման հարցերը` մասնագետների քննարկման առարկա

16-02-2017

2017թ. փետրվարի 16-ին տեղի է ունեցել «Ռազմավարական էկոլոգիական գնահատման ազգային իրավական դաշտի մշակումը Հայաստանում» թեմայով 2-րդ կլոր սեղան քննարկումը: Միջոցառումն իրականացվել է ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի քարտուղարության և Կովկասի տարածաշրջանային բնապահպանության կենտրոնի հետ համատեղ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը` նշելով ՌԷԳ համակարգի հիմնական դերակատարների պարտականությունները շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման գործընթացում: <<Մենք նախաձեռնել ենք Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենքի փոփոխություններ, օրենքի ավելի հստակեցում` առաջնային համարելով այն, որ առաջարկվող փոփոխությունները լինեն մեր գործընկեր կառույցների կողմից ընդունելի, բխեն ազգային շահերից>>,- հավելել է նախարարի տեղակալը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռազմավարական էկոլոգիական գնահատման ազգային օրենսդրության փաթեթում առաջարկվող փոփոխությունները, ինչպես նաև ՌԵԳ իրականացման գործընթացի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը, որում նշվում է վերջինիս համակարգի հիմնական դերակատարների պարտականություններ գնահատման իրականացման մեխանիզմները: Քննարկման ընթացքում ներկայացվել են այլ երկրների ՌԷԳ գործընթացների օրինակները:

 Միջոցառմանը մասնակցել են տնտեսական հիմնական ծրագրերի մշակման համար պատասխանատու գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ կողմեր:

<
>