Քաղաքացիների հերթական ընդունելության ժամանակ եղել են ոլորտի խնդիրների լուծման առաջարկներ

24-02-2017

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը փետրվարի 24-ին անցկացրել է քաղաքացիների ընդունելություն:

Հանդիպմանը ներկայացած մասնագետներն առաջարկել են մոտեցումներ ծառերի բնաշիվային աճի, պոչամբարների և այլ խնդիրների լուծումների վերաբերյալ: Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը շնորհակալություն հայտնելով առաջարկների համար, հայտնել է, որ դրանք կդիտարկվեն ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդում, ինչպես նաև առաջիկայում իրականացվող բնապահպանական համապետական միջոցառումների ժամանակ:

Մի քանի քաղաքացիներ դիմել են ՀՀ բնապահպանության նախարարությունում աշխատանքի անցնելու խնդրանքով: Վերջիններիս պարզաբանվել է, որ նախարարության աշխատակազմում աշխատանքի կարելի է ընդունվել ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի համաձայն, իսկ ոչ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնել ցանկացող քաղաքացիներին առաջարկվել է ներկայացնել մասնագիտական աշխատանքի վերաբերյալ հայտարարություններ:

Քաղաքացիների բարձրացրած հարցերին և առաջարկներին պարզաբանումներ են տվել նաև ընդունելությանը մասնակցող ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները:

 

<
>