ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է ԵՄ «Ջրային նախաձեռնություն+» ծրագրի ղեկավարներին

07-03-2017

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն ընդունել է ԵՄ արևելյան գործընկերության «Ջրային նախաձեռնություն+» ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին և տեխնիկական խորհրդատու Թիմոթի Թրներին: Եվրոպական Միության քառամյա այս ծրագրով ակնկալվում է ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման տեխնիկական հագեցվածության ապահովում, աջակցություն երկրի հիմնական գետավազանների ջրային հաշվեկշիռների ճշգրտման և ջրավազանային կառավարման պլանների իրականացման գործընթացին: Աշխատանքային ծրագրի մեկնարկը կտրվի սույն թվականի մայիսի 16-ին, Բրյուսելում, ինչն առաջին տարածաշրջանային հանդիպումն է լինելու: Հանդիպմանը հայկական կողմից կմասնակցի ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ, ծրագրի ազգային համակարգող Վ. Դավթյանը:

Ողջունելով հյուրերին` նախարարի առաջին տեղակալը նշել է, որ ծրագրի նախամեկնարկային փուլում արդեն էական խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Սիմոն Պապյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագիրը շատ արագ է արձագանքում փոփոխություններին, առաջարկվող նոր պահանջներին և դրանց հիման վրա վերանայում մոդելային պլանի բովանդակությունը:

Մայքլ Սուտերը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար և ներկայացրել ըստ ժամանակացույցի մեկնարկային հաշվետվության նախապատրաստման աշխատանքների ընթացքը: Ծրագրի ղեկավարը անդրադարձել է ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ստորագրվելիք համաձայնագրի բնապահպանական բաղադրիչին և պատրաստակամություն հայտնել աջակցել դրա դրույթների կատարմանը:

Տեղեկացնելով, որ ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» նոր համաձայնագրի բնապահպանական դրույթները հիմնականում չեն տարբերվում նախորդից` Ս. Պապյանը հավելել է, որ վերջին տարիներին Հայաստանը ոլորտում առաջնորդվել է Եվրամիության դիրեկտիվներով: Նախարարի առաջին տեղեկալը նկատել է, որ ԵՄ «Ջրային նախաձեռնություն+» ծրագրի նպատակներն ուղղակիորեն առնչվում են Համաձայնագրի բնապահպանական որոշ դրույթներին` ակնկալելով դրանց կատարման ուղղությամբ արդյունավետ համագործակցություն և աջակցություն:

Մայքլ Սուտերը նշել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվող ջրավազանային կառավարման և մոնիթորինգի իրականացման բաղադրիչներում հաշվի են առնվել և հետագայում էլ անպայման կդիտարկվեն հայկական կողմի բոլոր առաջարկները:

<
>