Հատուկ ուշադրություն բնապահպանական լրագրությանը

16-03-2017

ՀՀ բնապահպանության նախարարությունը և «Էկո-Մեդիա» ցանցը, Բնության համաշխարհային հիմնադրամի և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ, կազմակերպել են էկոլրագրության առաջին դասընթացը:

Էկոդասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը: Նա անդրադարձավ էկոլրագրության զարգացման անհրաժեշտությանը և նախարարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել լրագրողներին` շրջակա միջավայրի խնդիրների լուսաբանման հարցում։

WWF-Հայաստան գրասենյակի համագործակցության և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանն իր հերթին ներկայացրեց Վայրի բնության պահպանման համաշխարհային հիմնադրամի անելիքները։ Նա պատմեց, որ WWF-ի հայաստանյան գրասենյակը նպատակ ունի 2017 թվականին իրականացնել հետևյալ երեք առաջնահերթ ծրագրերը` ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիայի) ծրագիրը, առաջավորասիական ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման գործընթացը, «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը կմեկնարկվի շուտով:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչություն ղեկավար Արմինե Հալաջյանը նույնպես անդրադարձավ «Էկո- Մեդիա» ցանցի գաղափարին և նշեց, որ գրասենյակը միշտ պատրաստակամ է ընդունել խմբի հավաքները իր հարկի տակ: «Բնապահպանական լրագրությունը կարևոր է, և մեր հասարակությունը կարիք ունի գրագետ նյութերի»,- ասաց նա:

Ցանցի համակարգող Գալուստ Նանյանը, մինչ դասընթացը սկսելը, հայտարարեց, որ ցանցը այսուհետ կհամակարգի էկոլրագրող Նարինե Կիրակոսյանը, նրան կփոխանցվի դեռևս 2015 թվականին ստորագրված Հուշագիրը, որը համարվում է էկոլրագրողների աշխատանքային ուղեցույցը:

«Այսօր այն լրագրողները, ովքեր փորձում են պատրաստել բնապահպանական թեմայով նյութեր, խորապես չեն ուսումնասիրում ոլորտը և առկա խնդիրները: Լինում են շատ դեպքեր, որ բնապահպանական թեմայով նյութերը պատրաստվում են թերի: Գրեթե բոլոր նյութերը հարցազրույցների արձանագրություններ են, իսկ շատ դեպքերում այդ արձանագրությունները հեղինակները չեն էլ փորձում մեկանաբանել: Թեև հայրենական էկոլոգիական լրագրությունը նոր է ծնունդ առել, սակայն արդեն հանդիպում է բազմաթիվ խոչընդոտների և խնդիրների, որոնց թվում են պարբերականների անկախ չլինելը, կոնֆլիկտային բնույթի տեղեկատվության առկայությունը, ինչպես նաև լրագրողների գիտական ցածր պատրաստվածությունը` էկոլոգիական հարցերի առումով, իսկ ամենագլխավորը` էկոլոգիական հարցերի լուսաբանման կոնկրետ խմբագրական քաղաքականություն չկա»,- ասաց Գալուստ Նանյանը, ապա վարեց առաջին էկոդասընթացը, որը վերաբերում էր բնապահպանական լրագրության խնդիրների լուսաբանմանը:

Դասընթացի վերջում նա նշեց, որ հաջորդը չի ուշանա և նվիրված կլինի հետևյալ թեմաներին` «Էկոլոգիական լրագրության հիմնական սահմանումները», «Էկոլոգիական լրագրության խնդիրներն ու գործառույթները և էկոլոգիական տեղեկատվության փոխանցման ձևերը», «Էկոլոգիա, տնտեսություն և քաղաքականություն հիմնախնդրի միասնականության հանգույց», «Էկոլոգիական հիմնախնդիրների բարձրացումը խորհրդահայ մամուլում 1955 թվականից մինչև 1990 թվականը»:

Դասընթացի մասնակիցները վերջում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և WWF – Հայաստան գրասենյակի կողմից ստացան օգտակար նյութեր, ինչպես նաև վերջերս տպագրված «Կանաչ Հայաստան» գիրքը, նա և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ ամիս կկազմակերպվի «Ընձառյուծի հետքերով» մեդիաարշավը:

 «Էկո- Մեդիա» ցանց

<
>