Ռազմավարական էկոլոգիական գնահատման է ենթարկվել կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարական պլանը

21-03-2017

«Անի Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարական պլանի, ճանապարհային քարտեզի և երկարաժամկետ ներդրումային ծրագրի» Ռազմավարական էկոլոգիական գնահատման/ՌԷԳ/ զեկույցը» թեմայով աշխատաժողով-քննարկումը:

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և քննարկել ՌԷԳ զեկույցը` ներառյալ վերլուծության հիմնական առաջարկներն և առաջարկվող կանխարգելիչ գործողությունները՝ ուղղված Հայաստանում աղբի կառավարման ոլորտին: Մասնակիցներին ներկայացվել են ՌԷԳ- ի ընթացակարգով արդեն իսկ արված քայլերը, ինչպես նաև ծրագրում կիրառված մեթոդաբանությունը: Քննարկման արդյունքները կներառվեն վերջնական զեկույցում:

Աշխատաժողովը կօժանդակի ազգային կարողությունների զարգացմանը՝ ՌԷԳ հիմնական շահառուների, որոշում կայացնողների, պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և փորձագետների շրջանում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը, ով ներկայացրել է իրականացված աշխատանքները: «ՌԷԳ-ի գործընթացում մենք հրավիրել ենք բոլոր շահագռգիռ կողմերին և մեր գործողությունների մասին տեղյակ պահել նրանց: Այսօր ամփոփում ենք կատարված աշխատանքները: Այս քննարկումը նաև կաջակցի ՀՀ Բնապահպանության, Տարածքային կառավարման նախարարություններին հետևել և իրականացնել «Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարական պլանի, ճանապարհային քարտեզի և երկարաժամկետ ներդրումային ծրագրի» ՌԷԳ-ի արդյունքում մշակված առաջարկությունների իրականացմանը՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Առայսօր չկար ռազմավարական էկոլոգիական գնահատումը ՀՀ-ում կիրարկելու նախադեպ և այն առաջին ծրագիրն է, որի համար մենք հայցեցինք Եվրամիության աջակցությունը և նրանց փորձագետների հետ իրականացրեցինք այդ գնահատման գործընթացը» - նշել է Խ.Հակոբյանն իր խոսքում:

Ծավալվել է շահագրգիռ և արդյունավետ մասնագիտական քննարկում, ինչի արդյունքում ամրագրվել են մի շարք առաջարկություններ:

<
>