Միջոցներ կձեռնարկվեն բաց այրման աղբյուրներից դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատման ուղղությամբ

03-04-2017

Ս/թ. մարտի 31-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում` Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր թափոնների և քիմիական նյութերի նորմատիվա-իրավական հենքի վերլուծությանն և ամրապնդմանն ուղղված սեմինար:

Ի կատարումն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված <<Կայուն օրգանական աղտոտիչների մասին>> Ստոկհոլմի կոնվենցիայի պարտավորությունների, կոնվենցիայի կողմ երկրները պետք է աջակցեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը` բաց այրումը կանխարգելելու նպատակով:

Սեմինարին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից համատեղ՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և նպատակաուղղված է բաց այրման աղբյուրներից դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատմանը:

Միջազգային փորձագետ Սայմոն Պաուն ներկայացրել է միջազգային փորձը և համապատասխան օրենսդրական հենքը` ուղղված թափոնների հեռացման, աղբավայրերի կառավարման կանոնակարգմանը, ինչպես նաև բաց այրման կանխարգելմանը և դիօքսինների ու ֆուրանների արտանետումների նվազեցմանը և կանխմանը:

Ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումները խնդրի վերաբերյալ, ծավալվել է շահագրգիռ քննարկում:

 

 

<
>