Քննարկվել է Հայաստանում քիմիական նյութերի անվտանգ կառավարման համար իրավական հենքի ստեղծման հարցերը

07-04-2017

Տեղի է ունեցել «Հայաստան/ՄԱԿ-ի շրջակա միջավայր գործընկերություն՝ Հայաստանում քիմիական նյութերի վերաբերյալ օրենսդրության մշակման և արդյունաբերության ներգրավման ոլորտում» ծրագրի ներածական աշխատաժողովը:

Աշխատաժողովին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանը:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել քիմիական նյութերի անվտանգ կառավարման համար իրավական հենքի ստեղծմանը` հատուկ ուշադրություն դարձնելով միջազգային առևտրում քիմիական նյութերի գործածությունը կարգավորող օրենսդրությանը:

Ծրագրի նպատակներից է նաև քիմիական նյութերի արդյունավետ կառավարման համար ազգային քաղաքականության, կանոնակարգիչ կիրարկման, ինստիտուցիոնալ և տեխնիկական ներուժի ամրապնդումը` դրանց ողջ կենսացիկլի ընթացքում, հանրության իրազեկության բարձրացման վերաբերյալ լայն քարոզարշավին աջակցումը, ինչպես նաև քիմիական նյութերի ռիսկերի վերաբերյալ հասարակայնության իրազեկության բարձրացումը և ուսուցումը:

Փորձագետների միջև ծավալվել է շահագրգիռ քննարկում` նախանշելով հիմնահարցեր, դրանց լուծման առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն ծրագրի իրականացման ժամանակ:

<
>