Բնապահպանական խնդիրների լուծման նպատակով կընդլայնվի արտադրողի պատասխանատվությունը

13-04-2017

Կառավարության այսօրվա նիստում գործադրի հավանությանն է արժանացել Արտադրատեսակների համար արտադրողի/ներկրողի/ պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման հայեցակարգը: Հարցը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Հայեցակարգի ընդունումն անհրաժեշտությունն է, քանի որ Հայաստանի համար շարունակում են արդիական մնալ վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները և լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման և ոչնչացման հարցերը:

Նախարարը տեղեկացրել է, որ մեր երկրում գործում են շրջակա միջավայրին վնաս պատճառող, գործածությունից դուրս եկած արտադրանքի (ապրանքների) գծով թափոնների վերամշակում, հավաքում, պահում իրականացնող լիցենզավորված 10 կազմակերպություն և ներկայում հասունացել է նման արտադրանքի (ապրանքների) օգտահանման նպատակով արտադրողի պատասխանատվության ընդլայնման անհրաժեշտությունը: Հայեցակարգը նախատեսում է հստակեցնել վտանգավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և /կամ/ վնասազերծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ բնապահպանական քաղաքականության հիմնական խնդիրները, նախադրյալներ ստեղծել արտադրողի (ներկրողի) պատասխանատվության ընդլայնման համակարգի ներդրման համար, ապահովել վտաnգավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և /կամ/ վնասազերծման համակարգի ներդրման իրավական հենքը: Համակարգի ներդնումը կնպաստի թափոնների արդյունավետ կառավարմանն ու բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը:

<
>