ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզի դպրոցների ուսուցիչների համար անցկացվել է բնապահպանական մեթոդական աջակցության դասընթաց

26-04-2017

ՀՀ բնապահպանության նախարարությունը Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից իրականացվող բնապահպանական ծրագրի շրջանակներում մարզի կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար Արմավիրի մարզպետարանում անցկացրել է մեթոդական աջակցության դասընթաց։

Դասընթացի նպատակն էր մարզի ուսուցիչների և աշակերտների միջոցով տեղի բնակչությանն իրազեկել կենցաղային աղբի ոչ ճիշտ կառավարման հետևանքների և շրջակա միջավայրի վրա դրա բացասական ազդեցության մասին, ինչպես նաև նրանց փոխանցել աղբի տեսակավորման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և դեսպանատան ներկայացուցիչներն իրենց զեկույցներում կարևորել են բնակչության, հատկապես՝ երեխաների դերը շրջակա միջավայրի պահպանության գործում՝ ընդգծելով թափոնների վերամշակմանն ուղղված գործողությունները՝ կարևորելով աղբի տեսակավորման մշակույթի ներդրման անհրաժեշտությունն Արմավիրի մարզում։ Տրված մեթոդական գիտելիքներն էկոկրթական դասերի շրջանակներում ուսուցիչներն իրենց հերթին կփոխանցեն դպրոցահասակ երեխաներին և պատանիներին։

Միջոցառումն Արմավիրում աղբի վերամշակման չեխական գործարանների կառուցման ծրագրի ուսուցողական բաղադրիչներից մեկն է, որի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի և Հայաստանում Չեխիայի դեսպանի միջև ավելի վաղ կնքվել էր համաձայնագիր:

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի առաջարկով Արմավիրի մարզի դպրոցներում իրականացվելու է «Ավելի կանաչ Հայաստան՝ աղբահանության միջոցով» ծրագիրը: Այս համատեքստում կանցկացվեն էկոկրթական դասընթացներ Արմավիրի մարզի մի շարք միջին և ավագ դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար, որոնց շրջանակներում աշակերտները կիրազեկվեն շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտության մասին և թե ինչպես չաղտոտել շրջապատն ու տեսակավորել աղբը:

Բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով դեսպանատան կողմից կտպագրվեն տեղեկատվական բրոշյուրներ, ինչպես նաև կենցաղային աղբը տեսակավորելու և տարբերակված թափոնները կուտակելու գործում Արմավիրի ամենաարդյունավետ դպրոցներին կտրվեն խրախուսական մրցանակներ:

<
>