ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը հանդիպել է Եվրախորհրդի կենսաբազմազանության ոլորտի փորձագետին

23-05-2017

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդի կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի կառավարման ոլորտի միջազգային փորձագետ Հերվե Լեթիերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի (GIZ), Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը ողջունելով հյուրերին` կարևորել է Եվրախորհրդի փորձագետի այցը, որի նպատակն էր ծանոթանալ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման խնդիրների, պետական քաղաքականության, ինչպես նաև Եվրախորհրդի պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի ստացումից հետո ստանձնած պարտավորությունների և հանձնարարականների կատարման ընթացքին:

ՀՀ բնապահպանության նախարարության ներքո իրականացված «Էմերալդ ցանցի ձևավորումը Հայաստանում» Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի համատեղ ծրագրի շրջանակներում 2012թ. նախատեսվել և իրականացվել էր Հայաստանի պահպանվող տարածքներից մեկի միջազգային գնահատումը, որի համար ընտրվել էր Հայաստանի «Էմերալդ» ցանցում ընդգրկված և կենսաբանական ու լանդշաֆտային բազմազանության եվրոպական չափանիշներին բավարարող «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: 2013թ. «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից շնորհվել է պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ:

Միջազգային փորձագետ Հերվե Լեթիերն էլ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացնելով, որ իր այցի նպատակը ոչ միայն ստանձնած հանձնարարականների կատարման ընթացքին ծանոթանալն է, այլև ներդրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կառավարման պլանով նախատեսված խնդիրները քննարկելը:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ` Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների հիմնախնդիրների արդյունավետ լուծման նպատակով:

<
>