ՀՀ բնապահպանության նախարարության բոլոր ստորաբաժանումները մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկին

29-05-2017

ՀՀ բնապահպանության նախարարության բոլոր ստորաբաժանումները «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկին կազմակերպած համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրման աշխատանքներ են իրականացրել բնության հատուկ պահպանվող բոլոր տարածքներում և դրանց հարակից համայնքների մերձակայքում:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցները նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ մաքրման աշխատանքներ են իրականացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Հավուց թառ վանական համալիրի հարակից տարածքում: Պատասխանելով լրագրողների հարցերին` նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջ էր քաշել «Հարավ-հյուսիս անաղբ Հայաստան» գաղափարը, որը հավանության արժանացավ ՀՀ կառավարությունում և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մշակվեց համապատասխան ծրագիր, որն այսօր իրականացվում է: Ըստ նախարարի, կարևոր այս նախաձեռնությունը մեկանգամյա ակցիա չէ, այն լինելու է շարունակական, իսկ ամենակարևորը գաղափարի խորն ըմբռնումն ու վերջնական արդյունքի հասնելը է՝ «Մաքուր Հայաստան» բոլոր առումներով: Դրա համար նախարարն առաջնային է համարել էկոլոգիական կրթության միջոցով հասարակության բոլոր շերտերի մոտ բնապահպանական գիտակցության և աշխարհայացի ձևավորումը:

 

<
>