Արծվիկ Մինասյան. «Մեր պետականության ուժեղացման այս կարևորագույն շրջափուլում մենք պետք է ամբողջությամբ դառնանք հիմնական դերակատարներից մեկը»

31-05-2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը, Էրիկ Գրիգորյանին նշանակել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ։

Մայիսի 31-ին ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալին և մաղթել արդյունավետ գործունեություն` հույս հայտնելով, որ նրա ունեցած հարուստ աշխատանքային փորձն անմնացորդ կներդրվի գերատեսչության առաջ դրված խնդիրների լուծման գործընթացում:

«ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի փոփոխության առաջարկը եղել է Սիմոն Պապյանի կողմից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Պապյանին` երկարատև աշխատանքի համար և նաև խնդրել, որ նա շարունակի իր գործունեությունը նախարարությունում, քանի որ մենք ունենք շատ սկզբունքային և կարևոր մի համակարգի` պետական մոնիտորինգի համակարգի կայացման խնդիր: Խնդրել եմ, որ պարոն Պապյանը զբաղեցնի նոր ձևավորված կառույցի տնօրենի պաշտոնը` օգտագործելով իր հարուստ փորձը, գիտելիքները և վստահ եմ, որ մենք, որպես մի ամբողջություն, մեկ թիմ, կկարողանանք այս համակարգը կայացնել:

Ուզում եմ ներկայացնել պարոն էրիկ Գրիգորյանին, ում ` ձեզանից շատերը քաջ ծանոթ են: Պարոն Էրիկ Գրիգորյանի` նախարարի առաջին տեղակալ նշանակելու նախաձեռնությունը եղել է մեր կողմից, որը դրական ընթացք է ստացել ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի կողմից, ինչի համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Նախագահին և վարչապետին: Համարում եմ, որ պարոն Գրիգորյանն իր փորձը, գիտելիքները կարող է ծառայեցնել մեր երկրի այս ոլորտի զարգացմանը և հզորացմանը: Մենք գտնվում ենք այնպիսի մի շրջափուլում, որ մեզ օդի և ջրի պես անհրաժեշտ են ռեֆորմները թե´ քաղաքականությունում, թե´ կադրային ոլորտում, թե´ համակարգերում և թե´ ենթահամակարգերում: Այն անձինք, ովքեր չեն բավարարի մեր պահանջներին, որոնք առիթ եմ ունեցել ներկայացնել, այն է` հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվություն, այս համակարգում, գոնե իմ պաշտոնավարման ժամանակահատվածում տեղ չունեն և պետք է իրենց տեղը զիջեն այն մարդկանց, ովքեր բավարարում են այդ սկզբունքներին: Սա լինելու է մեր քաղաքականության առանցքային հիմնական ուղղությունը: Մենք ի վերջո ոլորտը պետք է դարձնենք օրինակելի` ժամանակակից ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կարևոր օղակներից մեկը: Երկար տարիների ընթացքում նաև ձևավորվել և արմատավորվել են երևույթներ, որոնք ընդունելի չեն և որոնք մենք պետք է կազմաքանդենք, փոխենք: Մեր պետականության ուժեղացման այս կարևորագույն շրջափուլում մենք պետք է ամբողջությամբ դառնանք հիմնական դերակատարներից մեկը: Իսկ շրջակա միջավայրի պահպանության վերականգնման և բարելավման, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման սահմանադրական նորմը` պրակտիկ քաղաքականության գործողությունների վերածելու հարցում, մեր նախարարությունը պետք է լինի առաջամարտիկը»,- նշել է նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը և բարի վերադարձ մաղթելով Է. Գրիգորյանին` վստահություն հայտնել, որ թիմով, կկարողանան առաջ տանել այն գաղափարները, ծրագրերը և ուղղությունները, որոնք նորանշանակ նախարարի տեղակալի հետ առիթ է ունեցել համատեղ քննարկել մինչ նշանակումը:

Է. Գրիգորյանը նկատել է, որ նախկինում, երկար տարիներ աշխատելով բնապահպանության նախարարությունում, օգտակար փորձ է ձեռք բերել, սակայն ժամանակները փոխվում են և շրջակա միջավայրի կառավարման ոլորտում փոխվում են խնդիրները և մոտեցումները: «Պետք է աշխատենք շատ արդյունավետ և լուծենք մեր առջև դրված բոլոր խնդիրները: Մեր բոլորի գործողությունների նպատակը պետք է լինի զարգացող, ավելի լավ Հայաստան ունենալը»,- ասել է. Գրիգորյանը:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն ազատվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:

Սիմոն Պապյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախարարի առաջին տեղակալի պաշտոնում համատեղ երկարամյա աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնել հետագայում էլ իր ունեցած հարուստ փորձը ծառայեցնել նախարարության առաջ դրված նպատակների իրագործման համար:

<
>