ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է «Շրջակա միջավայրը՝ պարտքի դիմաց» ծրագիրը

12-06-2017

Հունիսի 12-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների՝ շրջակա միջավայրի տնտեսագետ Մայա Մուրիսիկի և հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, այլ պատասխանատու անձինք: Քննարկման առանցքում « Շրջակա միջավայրը՝ պարտքի դիմաց » ծրագրին վերաբերող հարցերն էին, մասնավորապես, փոխգործակցությունը՝ ՀԲ-ի կողմից Հայաստանին տեխնիկական աջակցության ծրագրի մեկնարկի կապակցությամբ:

ՀՀ Նախագահի հանձնարարականի կատարման շրջանակներում, ըստ որի՝ ակտիվացվելու են աշխատանքները բնություն–արտաքին պարտք մեխանիզմի գործադրման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա Հայաստանի երկկողմ վարկային պարտավորություններից որոշակի միջոցներ ուղղել Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծմանը` նախարար Մինասյանը ողջունել է դրա իրականացմանը Համաշխարհային բանկի աջակցությունը, և նշել ճանապարհային քարտեզի ստեղծման անհրաժեշտությունը՝ ծրագրի իրականացման ընթացքն առավել արագ և նպատակային դարձնելու համար: «Մենք համոզված ենք, որ բարելավված շրջակա միջավայրը, որի մեջ մտնում են բնական ռեսուրսների բոլոր տեսակների նկատմամբ պատասխանատու, հավասարակշռված և հեռանկարային օգտագործման սխեմաները, օգնելու է նաև մեզ երկարաժամկետ առումով ունենալու կայուն տնտեսական աճ: Մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներգրավվելու այս գործընթացի մեջ»,-ասել է բնապահպանության նախարարը` նշելով, որ ծրագրի իրականացումը նպաստելու է ոչ միայն բնապահպանական ներդրումային ծրագրերի ներգրավմանը, այլև էականորեն նպաստելու է Հայաստանի` միջազգային հանձնառությունների արդյունավետ կատարմանը: Որպես առաջնահերթություն Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ծրագրային մի շարք առաջարկներ, որոնց շուրջ կարող են ծավալվել գործողությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ջրային համակարգին, անտառների և կանաչ տարածքների պահպանության և բարելավման հարցերին, հանքարդյունաբերության ոլորտի կարգավորմանը: ՀԲ ներկայացուցիչները պատարստակամություն են հայտնել հնարավորինս արագ փոխգործակցել ծրագրի իրականացման բոլոր կողմերի հետ, ինչի ապացույցն է նախարարի հետ հանդիպումից հետո արդեն նախանշված աշխատանքային քննարկումը բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի հետ, ով նշել է, որ Հայաստանի հետ «Շրջակա միջավայրը՝ պատքի դիմաց» ծրագրի բարեհաջող իրականացումը օրինակելի կարող է դառնալ այլ երկրների համար:

 

<
>