ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել են գիտնականների և գյուտարարների` գերատեսչությանն ուղղված առաջարկները և խորհրդի անդամների զեկույցները:
Շինարար, ճարտարագետ Մ. Սահակյանը ներկայացրել է հաղորդակից անոթների օրենքի հիման վրա գետերի ջրերը խողովակներով բարձրացնելու և ավելի մեծ տարածքներում ոռոգման նպատակով օգտագործելու, ինչպես նաև մինի ջրամբարների կառուցման առաջարկները: Բանախոսը նշել է, որ իր հեղինակած նախագծերի իրագործումը կնպաստի ջրային ռեսուրսների, էլեկտրաէներգիայի խնայողությանը և գյուղական համայնքների զարգացմանը:
«Մարտահրավերներ երեխաների համար՝ շրջակա միջավայրի դեգրադացման և կլիմայի փոփոխության հետևանքով» զեկույցով հանդես է եկել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Էկոլոգիայի և կայուն զարգացման» ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը: Բանախոսը ներկայացրել է խնդրի վերաբերյալ իր ուսումնասիրությունների արդյունքները և տվել առկա իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ, որոնք վերաբերում են ընդերքօգտագործման, պոչամբարների խնդիրներին, էկոկրթությանը, բնածին ռիսկերի նվազեցման ոլորտում գործունեության ակտիվացմանը և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանը:
Անդրադառնալով ելույթներում բարձրացված հարցերին՝ Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը հանքարդյունաբերության բնագավառում բնապահպանական պարտավորությունների կատարումը կանոնակարգելու և պատասխանատու հանքարդյունաբերություն ձևավորելու ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում: Բացի այդ <<Արտաքին պարտք՝ բնության պահպանության դիմաց>> բանաձևի շրջանակներում նախատեսվող գործընթացների կարևոր բաղադրիչներից է պոչամբարների անվտանգության բարձրացմանը և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրերը: <<Սակայն գերատեսչության առաջնային նպատակն է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն, կամ նվազագույնի կհասցնեն հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա>>,- շեշտել է Արծվիկ Մինասյանը և խորհրդի անդամ ու նիստին հրավիրված գիտնականներին խնդրել այդ հարցում աջակցություն ցուցաբերել՝ գիտական մոտեցումների և համալիր հետազոտությունների արդյունքների վրա հիմնված առաջարկություններ մշակելու նպատակով:
Նիստում ելույթ է ունեցել նաև Երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տնտեսական գիտությունների դոկտոր Վ. Համազասպյանը: Գիտնականը ներկայացրել է տեղեկատվություն հելիոֆիկացիայի ծրագրի մասին, որտեղ շեշտը դրվում է արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ արևային տեխնոլոգիաների անմիջական կիրառման վրա: Ծրագրի իրականացումը թույլ կտա փոխել Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական հայեցակարգը՝ շեշտը դնելով արևային գերէժան էներգիայի օգտագործմամբ կանաչ տեխնոլոգիաների զարգացման վրա:
Ամփոփելով քննարկումների արդյունքներն Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկը հավատարմագրվել է որպես Հարմարվողականության հիմնադրամի 25-րդ ազգային իրականացնող մարմնի և եթե կան գիտական նորարարական հենքի վրա ձևավորված գաղափարներ, որոնք ուղղված են գլոբալ կլիմայական փոփոխությունների մեղմմանը, ապա կարղ են դրանք ներկայացնել ծրագրի տեսքով՝ Հանրապետության բնապահպանական խնդիրների լուծման և դրամաշնորհային միջոցների ներգրավման համար:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց