ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է դեսպան Պյոտր Սվիտալսկու ղեկավարած պատվիրակության հետ

26-06-2017

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու ղեկավարած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին` Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը` ոլորտին ցուցաբերած աջակցության ու համատեղ աշխատանքի արդյունքում ունեցած ձեռբերումների համար, կարևորել հետագա համագործակցության և իրականացվելիք ծրագրերի արդյունավետությունը նոր որակի բարձրացնելու անհրաժետությունը:

ՀՀ բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտում գերատեսչության կողմից իրականացվող գործողությունների ռազմավարությունը և բարեփոխումների ընթացքը` տեղեկացնելով, որ վերոհիշյալ միջոցառումների շրջանակում կատարվող հիմնական քայլերից մեկն ուղղված է համակարգում կոռուպցիոն ռիսկերի նեվազեցմանը: Այդ նպատակով ներկայում ձևավորվում է բնապահպանական թույլտվությունների միասնական էլեկտրոնային համակարգ` էականորեն թեթևացնելով տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց թույլտվությունների տրամադրման գործընթացը:

Մեծածավալ աշխատանքներ են տարվում բնապահպանական ուղղվածություն ունեցող դրամաշնորհային ծրագրերի նպատակայնության և արդյունավետության բարձրացման համար: Տեղեկացվել է, որ նախարարության գերակա ուղղություններից է միջազգային դոնորների հետ համագործակցությունը, և այդ նպատակով ձևավորվել է դոնորների խորհուրդ, որը թույլ կտա ոչ միայն միջազգային գործընկերներին ծանոթանալ միմյանց ծրագրերին, այլև տեղեկանալ այդ ուղղությամբ պետության իրականացրած աշխատանքներին:

Դեսպան Պ. Սվիտալսկին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ա. Մինասյանին է փոխանցել իր ջերմ շնորհավորանքները նախարարի պատասխանատու պաշտոնում կրկին նշանակվելու կապակցությամբ և կիսել նրա հնչեցրած կարծիքը` համագործակցությունը նոր որակական մակարդակի բարձրացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով նախարարության ծրագրերը հանգամանալից ներկայացնելու համար` դեսպանը կարևորել է «Կանչ Հայաստանի» գաղափարը, որը, չնայած տեխնիկական առաջընթացի ներկա ծավալներին, Հայաստանի ապագան է:

Ա. Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության ծրագրում ընդգրկված է 36 բնապահպանական միջոցառում, որոնց համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Պ. Սվիտալսկուն` ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP+) Հայաստանում արդյունավետ դարձնելու ուղղությամբ ցուցաբերած ջանքերի համար` հիշեցնելով, որ եվրոպական երկրների հետ Հայաստանի արտոնյալ առևտրային ռեժիմ սահմանող վերոհիշյալ համակարգի գործածությունն ապահովող միջազգային համաձայնագրերից 8-ը բնապահպանական ուղղվածության են և հայկական կողմը գործադրում է բոլոր միջոցները` այդ համաձայնագրերով առաջընթաց ապահովելու համար:

ՀՀ բնապահպանության նախարարը դեսպանին խնդրել է աջակցել Եվրամիության երկրների կողմից իրականացվող բնապահպանական ծրագերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցում, որպեսզի Հայաստանը կարողանա դրանցում ներգրավվելու հնարավորություններին ծանոթանա և համապատասխան առաջարկություններ մշակի:

Կողմերը քննարկել են նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման ընթացքին, «Պարտք` բնության պահպանության դիմաց» նախաձեռնությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը լիարժեք և անհրաժեշտ ժամկետներում շարունակել համագործակցությունը բնապահպանական քաղաքականության իրականացման բոլոր ուղղություններով:

<
>