Բարեփոխումների շրջանակներում կձևավորվեն ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթների իրականացման արդյունավետ մեխանիզմներ

29-06-2017

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Խորհրդի անդամների առաջարկով օրակարգային առաջին հարցի շրջանակներում Ա. Մինասյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների թիրախները: Բանախոսը նշել է, որ գերատեսչությունը ղեկավարելու կարճ ժամանակահատվածում ոլորտի խնդիրների ախտորոշումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և մասնագետների հետ քննարկումները հանգեցրել են նախարարության գործառույթների վերանայման անհրաժեշտությանը և համապատասխան առաջարկները ներկայացվել են ՀՀ Նախագահին ու վարչապետին: Նախարարը տեղեկացրել է, որ միասնական բնապահպանական քաղաքականությունն իրականացվելու է յոթ հիմնական գործառույթներով: «Առաջին` բնական ռեսուրսների /սպառվող և չսպառվող/ հաշվառման համակարգի ձևավորումը մեկ միասնական հարթակում և դրա համատեքստում` ամբողջական առաջնային տեղեկատվության բազայի ստեղծում: Երկրորդ` բնական ռեսուրսների առաջարկի կառավարում /պլանավորում/, որպեսզի ցանկացած նախագիծ իրականացնողի համար որակական և քանակական սահմանափակումը տեսանելի լինի: Երրորդ` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նոր` միջազգային համակարգին համապատասխանող գործառույթի ձևավորում` առանձին դեպքերի համար օրենքով ամրագրելով պարտադիր միջազգային փորձաքննության անհրաժեշտությունը, որպեսզի հասարակության մոտ թերահավատություն չառաջանա գործող համակարգով ձեռնարկողի հայեցողությամբ իրականացվող միջազգային փորձաքննության արդյունքների վերաբերյալ: Մեծ բնապահպանական ռիսկեր պարունակող նախագծերի համար սահմանվելու են պարտադիր միջազգային փորձաքննություններ, որոնք արվելու են ձեռնարկողի ֆինանսական միջոցների հաշվին, բայց` լիազոր մարմնի կողմից: Մյուս կարևոր գործառույթը` միասնական մոնիտորինգի համակարգի ձևավորումն է: Գործող մոնիտորինգային համակարգը տարանջատված է տարբեր կառույցներում և շատ դեպքերում մակերեսային բնույթ է կրում»,-նշել է բնապահպանության նախարարը և հավելել, որ շրջակա միջավայրի պահպանության և վերականգնման գործառույթի շրջանակներում դիտարկվելու են, ոչ միայն կառավարման պլանները, այլև շրջակա միջավայրի վերականգնողական և տարբեր բնական ռեսուրսների անհամաչափությունները վերացնելու և այն բնականոն զարգացման հարթություն տեղափոխելու միջոցառումները: ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է էկոկրթության և դաստիարկության գործառույթը, որը վերաբերում է հասարակության տարիքային բոլոր խմբերին` մանկահասակ տարիքից մինչև ավագ սերունդ, անկախ գործունեության ոլորտից և այս ուղղությամբ ներդրվելու են բոլոր հնարավոր միջոցները:

«Բնօգտագործման և բնապահպանական վճարների քաղաքականությունը դիտարկվելու է վերոհիշյալ բոլոր հիմնական գործառույթներում: Այդ վճարները պետք է համահունչ լինեն նախատեսվող սահմանափակումներին, եթե որակական տեսանկյունից սահմանված է, որ ծավալվելիք գործունեությունը չպետք է վնաս հասցնի շրջակա միջավայրին, կամ այն պետք է լինի նվազագույն, ապա բնապահպանական վճարների դրույքաչափերը և քաղաքականությունը պետք է համահունչ լինի այս սահմանափակումներին և նպաստի դրա իրականացմանը»,- նշել է Ա. Մինասյանը: Տեղեկացվել է նաև, որ նախատեսվող գործառույթների կենտրոնացումը և ամբողջականացումը նախարարությունում, ենթադրում է նրա անվանափոխություն: Ըստ Ա. Մինասյանի, նախատեսվում է գերատեսչությունը վերանվանել «Շրջակա միջավայրի նախարարության»: Բարեփոխումների շրջանակներում կձևավորվեն նաև նախարարության գործառույթների իրականացման այնպիսի մեխանիզմներ, որոնք արդյունավետ կգործի` անկախ նրանից, թե տվյալ ժամանակահատվածում ովքեր կլինեն այն իրականացնողները:

Հասարակական խորհրդի նախագահն անդրադարձել է նաև իրականացվելիք կադրային և կառուցվածքային արմատական վերանայումներին` նշելով, որ գերատեսչությունում աշխատելու հնարավորություն կունենան այն մասնագետները, որոնք կբավարարեն երեք չափանիշի` հայրենասիրություն, պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ: «Այն անձը, ով հայրենասեր չէ և մտածում է օր առաջ լքել Հայաստանը, ապա նա պետական գերատեսչությունում անելիք չունի»,- շեշտել է Ա. Մինասյանը:

«Դեմետրա-էկո» ՀԿ փոխնախագահ Վ. Հակոբյանը ներկայացրել է ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի նոր բնակատեղիները` հատուկ պահպանման ռեժիմի ներքո ընդգրկելու առաջարկը: Բանախոսը մատուցել է հասարակական կազմակերպության երկու տարվա ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի կարմիրգրքային բույսերի հայտնաբերված նոր բնակատեղիները պաշտպանված չեն և ենթարկվում են անտրոպոգեն ազդեցության: Հազվագյուտ բուսատեսակների տարածման վայրերը պահպանելու համար առաջարկվել է գործող իրավական դաշտի հիման վրա սահմանել պահպանման համապատասխան ռեժիմ: ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանն առաջարկել է ուսումնասիրությունների արդյունքները քննարկել Կենսառեսուրսների կառավարման գործակալության հետ և ներկայացնել համապատասխան առաջարկներ:

«Գիտակցիր իրավունքդ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լ. Թասալյանն առաջարկել է քննարկել բնապահպանական ոստիկանության ձևավորման մեխանիզմները: Հասարակական խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության նախաձեռնած տեսչական բարեփոխումների գործընթացը իրականացման փուլում է և առաջարկել է ներկայացված մոտեցումները դիտարկել նախատեսվող բարեփոխումների շրջանակում: Ա. Մինասյանը մասնավորապես նշել է, որ կուժեղացվի տեսչության կանխարգելիչ գործառույթը և տեսուչները 24-ժամյա ռեժիմով աշխատելու իրավունք կունենան: Կձևավորվի նաև վարձատրության և խրախուսման համակարգ, ինչը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ա. Մինասյանն առաջարկել է զեկույցում ներկայացված մոտեցումները դիտարկել տեսչական բարեփոխումների շրջանակներում անցկացվող քննարկումների ժամանակ:

 

<
>