Քննարկվել է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից հաստատված տարածաշրջանային առաջին` 20 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագրի փաթեթը

30-06-2017

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Շենքերի Էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման» Կլիմայի կանաչ հիմնադրամի ծրագրի փաստաթղթի համաձայնեցման տեղական կոմիտեի նիստը: Միջոցառմանը մասնակցում էին կոմիտեի անդամ գերատեսչությունների ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային այլ ծրագրերի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներ:

Բացելով կոմիտեի նիստը` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ քննարկվող ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից հաստատված դրամաշնորհային 10-րդ ծրագիրն է, իսկ տարածաշրջանում` առաջինը: Ըստ բնապահպանության նախարարի` այս փաստը պարտավորեցնում է Հայաստանին, ծրագրի առումով լինելով առաջատարը, լավագույն արդյունքներ ապահովել, որպեսզի հետագայում այն դառնա շարունակական և օժանդակի երկրի վարած էնեգաարդյունավետության բարձրացման քաղաքականությանը: «Ծրագրի հիմնական նպատակն է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հարմարվողականության ուղղությամբ, իսկ առանձին դեպքերում` կլիմայական բացասական դրսևորումների դեմ ուղղված գործողությունների իրականացումը: Ծրագրի իրականացման արդյունքում նաև ունենալով էներգաարդյունավետության էական աճ` կնպաստենք ազգաբնակչությանը, տնտեսվարող սուբյեկտներին և պետական մարմիններին էականորեն խնայել ռեսուրսներ և դրանք ուղել զարգացման այլ ուղղություններ»,- նշել է Ա. Մինայսանը և կրկին շեշտել ծրագրի կարևորությունը ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման առումով:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /UNDP/ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, շնորհակալություն հայտնելով ՀՀ բնապահպանության նախարարությանը նման կարևոր և բարդ ծրագիր նախաձեռնելու համար, ներկայացրել է այն արդյունքները, որոնք նախատեսվում է ստանալ ծրագրի իրականացման ավարտին: Բանախոսը կարևորել է նաև էներգախնայողության մեխանիզմների օրենսդրական կարգավորումները, որոնք նույնպես նախատեսված են ծրագրի շրջանակներում:

Երևանի փոխքաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն իր խոսքում նշել է, որ հիմնական շահառուն Երևանի քաղաքապետարանն է և իրենք շատ են կարևորում բնակֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրերը: Վերջինս նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ արդեն կա համագործակցության հարուստ և արդյունավետ փորձ` հիշատակելով Ավան վարչական շրջանում իրականացրած պիլոտային ծրագիրը, որի արդյունքում շենքի ջերմամեկուսացման շնորհիվ գրանցվել է 50-ից 60 տոկոս էներգախնայողություն և դրան համապատասխան ջերմոցային գազերի արտանետման կրճատում, իսկ կանաչ լուսավորության ծրագրով, արձանագրվել է 60-70 տոկոս ծախսերի խնայողություն:

«Շենքերի Էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման» ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանն իր ներկայացման մեջ տեղեկացրել է, որ ծրագրի մշակման մեկնարկը տրվել է 2015 թ-ին և Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից հաստատվել 2016-թ հունիսին: Ծրագրային փաստաթուղթը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, այլ շահագրգիռ մարմինների, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի արդյունավետ համագործակցությամբ և նախատեսվում է ներգրավել 20 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային միջոցներ: Քանի որ ջերմոցային գազերի արտանետումների 24 տոկոսն առաջանում է շենքերում սպառվող էներգիայից և ՀՀ բնակչության 30 տոկոսը համարվում է «էներգետիկ աղքատ»/ եկամտի 10 տոկոսից ավելին հատկացնում են էնեգիայի սպառման ծախսերին/ նախատեսվում է ջերմամեկուսացման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի և մարզերի 290 բազմաբնակարան, 150` փոքր և 23 մեծ հանրային շենքերի և 6000 առանձնատների համար, ինչի արդյունքում կապահովվի 50 տոկոս էներգախնայուղություն և արտանետումների կրճատում:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանը ծրագիրն իրականացնող խմբին ներկայացրել է մի շարք առաջարկներ, մասնավորապես` կարևորել ծրագրում տեղական փորձագետների ընդգրկումը, մայրաքաղաքում նախատեսված առանձնատների թվաքանակի նվազեցում, ինչպես նաև ծրագրի` ոլորտը կարգավորող օրենսդրությանը և նրա փոփոխություններին համպատասխան իրականացումը:

Քննարկման արդյունքում հնչել են մի շարջ առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու ժամանակ:

Ամփոփելով աշխատանքային քննարկման արդյունքները` Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը վճռական է տրամադրված ծրագիրը ղեկավարելու և բարձր արդյունքներ ապահովելու հարցում և կարևորել ծրագրի բաղադրիչներից ակնկալվող հիմնական բնապահպանական և սոցիալական լարվածությունը թուլացնող արդյունքներ:

<
>