Էկոմիջավայրի հոգսերը կերպարվեստի լեզվով

13-07-2017

Հայաստանի նկարիչների միությունում հուլիսի 18-23-ը կգործի <<Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով>> խորագրով ցուցահանդեսը

Աշխարհի շատ երկրներում էկոլոգիական թեմաներով ցուցահանդեսները վաղուց արդեն սովորական երևույթ են: Իսկ դա նշանակում է, որ արվեստը, մասնավորապես կերպարվեստը, ևս ակտիվորեն մասնակցում է հասարակության բնապահպանական գիտակցության և վարքագծի մշակմանն ու կատարելագործմանը: Կերպարվեստով մենք այսօր ունենք և առաջիկայում էլ ունենալու ենք հզոր զենք՝ հանրության էկոգիտակցությունը բարձրացնելու: Այս առումով ողջունելի է Հայաստանի նկարիչների միության անդրանիկ նախաձեռնությունը՝ մեր երկրի բնապահպանության խնդիրների մասին պատմող <<Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով>> խորագիրը կրող ցուցահանդեսի կազմակերպումը, որը տեղի կունենա հուլիսի 18-23-ը՝ Նկարիչների միության ցուցասրահում: Ցուցահանդեսի նպատակը ոչ միայն բնապահպանական խնդիրները կերպարվեստի լեզվով արտահայտելն է, այլև ստեղծագործողներին ուղղորդել դեպի էկոմիջավայրի արդիական խնդիրների շարունակական արտացոլմանը՝ նպաստելով բնապահպանական մշակույթի և գիտակցության ձևավորմանը: Ցուցահանդեսին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նրանք, ովքեր ստեղծագործում են գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի, գոբելենի, բատիկայի, խեցեգործության և մյուս ժանրերում: Ներկայացված աշխատանքներն ընտրելու նպատակով կստեղծվի հանձնաժողով՝ ՀՀ բնապահպանության, ՀՀ մշակույթի նախարարությունների, ինչպես նաև՝ Նկարիչների միության ներկայացուցիչներից: Ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները կարող են ցուցադրության թեմատիկ դրույթներին ծանոթանալ Նկարիչների միությունում:

<
>