Մեկնարկել է « Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը

18-07-2017

Հուլիսի 18-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող « Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի պաշտոնական մեկնարկին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, պաշտոնատար այլ անձինք: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը 25 տարիների ընթացքում տարբեր ոլորտներում ցուցաբերած մեծածավալ աջակցության համար:Արծվիկ Մինասյանը կարևորել է ծրագրի իրականացումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումը, նշել, որ ջրային ռեսուրսների տեսակետից շատ լուրջ խնդիր ունենք և ՀՀ կառավարությունը կարևորում է հարցի լուծումը: «Այսօր Հայաստանի ջրամբարներում ամբարում ենք 1 մլրդ. չգերազանցող ջրային ծավալ:Ամբողջ մեր ջրամբարների միջին լցվածության պայմաններում ցուցանիշը 1,1 մլրդ. չի անցնում, այն դեպքում ,երբ տարբեր տարիների ցուցանիշներով ձևավորվում էր շուրջ 9 մլրդ.-ի չափով ջրային ռեսուրսներ: Մենք, ըստ էության, արդյունավետ կառավարման խնդիր ունենք, նախ ամբարման և տարբեր ոլորտներում ջրի ճիշտ օգտագործման»,- նշել է նախարարը, կարևորելով մասնակցային գործընթացի հրապարակային և թափանցիկ լինելն ու օրենքի առջև բոլորի հավասարությունը կարևորագույն այս ռեսուրսի օգտագործման դեպքում:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը ողջույնի իր խոսքում շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից համայնքներին. « Ձեր ջանքերը կդառնան Հայաստանի ջրային խնդիրների մասնակցային եղանակով լուծման մոդել: Սա Հայաստանի և ԱՄՆ համագործակցության վերջին օրինակն է , և մենք հպարտ ենք, որ մասնակից ենք Հայաստանի թանկարժեք ջրային պաշարների պահպանության ջանքերին»,- մասնավորապես նշել է դեսպանը: Միջոցառման ընթացքում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի 12 գործընկեր համայնքների ու «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի միջև ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր: Ծրագրի նպատակն է նպաստել ջրի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, նվազեցնել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ջրառը, խթանել ջրային պաշարների պատասխանատու օգտագործումը, նպաստել դրանց կառավարման բարելավմանն ու պատասխանատվության բարձրացմանը: Եռամյա ծրագրով նախատեսվում են նաև ներդրումներ ջրային ենթակառուցվածքների բարելավման նպատակով:

<
>