Քննարկվում են Հայաստանում առկա ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացման և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տեղանքների տեղում աղտազերծման հնարավոր եղանակները

19-07-2017

Ս.թ. հուլիսի 18-ին «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի շրջանակում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հրավերով, Ռուսաստանի ՄԱԶԾ թրաստային ֆոնդի ֆինանսավորմամբ Հայաստան է ժամանել ռուս փորձագետ Սերգեյ Կարաբաշևը, ով ղեկավարում է «Գազաանալիտիկ համակարգեր» կազմակերպությունը http://g-systems.ru/about/ Հայաստանում են նաև Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի գնահատման և մաքրման աշխատանքների նախագծման մրցույթի հաղթող չեխական Dekonta և Geotest կոնսորցիումի ներկայացուցիչները:

ՄԱԶԾ Ծրագրի նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծրագրի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ Հայաստան ժամանած փորձագետները քննարկել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում պարփակված մոտ 900 տոննա թունաքիմիկատների, երկրի մյուս 24 պահեստներում գտնվող այլ քիմիական թափոնների տեղում ոչնչացման, ինչպես նաև Նուբարաշենի գերեզմանոցի մոտ 7100 տոննա աղտոտված հողի տեղում վնասազերծման հնարավոր եղանակները:

Խորհրդակցությունը վարել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ով բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի գործունեությունն ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությունը և հույս հայտնեց, որ փորձառու մասնագետների և տեղական ներուժի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կգտնի լավագույն լուծումը՝ երկրում առկա բնապահպանական այս մարտահրավերը հաղթահարելու և Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները ժամանակին կատարելու համար:

Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը Ծրագիրն իրականացնող խմբի կողմից նշել է, որ ՄԱԶԾ-ի և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի համար չափազանց կարևոր է բազմակողմանի քննարկումների, փոխադարձ համաձայնության և հանրային բարձր վստահության պայմաններում հասնել ծրագրի արդյունավետ լուծման տարբերակին:

Փորձագետ Սերգեյ Կարաբաշևը ներկայացրել է գազաանալիտիկ սարքավորումների նորարարական տեխնոլոգիաներ մշակող «Գազաանալիտիկ համակարգեր» ՍՊԸ-ն: Վերջինս խորհրդակցության մասնակիցների քննարկմանն է ներկայացրել վտանգավոր թափոնների՝ պեստիցիդների, պոլիքլորինացված բիֆենիլների (ПХБ) և այլ թափոնների ոչնչացման ծրագրի ռուսական արտադրության բարձր ջերմաստիճանային շարժական տեխնոլոգիան/մոդուլները: +Ժամում 100 տոննա և 500 տոննա հզորությամբ տվյալ շարժական տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է տեղում ոչնչացնել 1-ին և 2-րդ դասի վտանգավորության թափոններ:

Փորձագետն ընդգծել է տեխնոլոգիայի հետևյալ առավելությունները.

  •  Նվազագույնը 1000°C պայմաններում իրականացվող ջերմային մշակման միջոցով վտանգավոր քիմիական թափոնների ամբողջական քայքայում՝ վերածելով դրանք գազային բաղադրիչների:
  •  Այնուհետև առնվազն 1200°C ջերմաստիճանի պայմաններում, հաջորդ էտապով գազային բաղադրիչների ջերմային քայքայում, որի արդյունքում առաջացած գազային թափոնների ամբողջական տրոհում ոչ վտանգավոր գազային բաղադրիչների:
  • Մինչև 200°C իջեցված ջերմաստիճանային պայմաններում առաջացած գազերի արագ սառեցման միջոցով թունավոր նյութերի առաջացման կանխարգելում, առաջացող գազերի սառեցում, ինչպես նաև թթվային գազերի չեզոքացում:
  • Ջերմային քայքայման ենթարկվող ցնդող թունավոր նյութերից արտանետվող գազերի բազմաստիճան մաքրում:
  • Հնարավոր վթարների կամ արտակարգ իրավիճակների դեպքում պաշտպանություն թունավոր գազերի արտանետումներից:
  • Իրական ժամանակում վերահսկողություն և մշտադիտարկում՝ ցնդող թունավոր բաղադրիչների և արտանետվող գազերի բաղադրության նկատմամբ:

Խորհրդակցության ավարտին կողմերը քննարկել են տեխնոլոգիայի շահագործման բնապահպանական անվտանգության երաշխիքների, տեղայնացման և ներդրման հնարավորությունները, ինչպես նաև ռուսական ընկերության հետ համագործակցության հեռանկարները:

<
>