Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ

21-07-2017

Հուլիսի 21-ին ՀՀ բնապահապանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների աշակերտների, որոնք ամառային հանգիստը համադրելով ուսումնառության հետ` «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ միավորվել են «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում: ՀՀ բնապահպանության նախարարը ողջունել է նման ուսուցողական այցերի նախաձեռնությունը, հանգամանալից ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթները, ինչպես նաև պատասխանել երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են թե նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, թե անձնապես՝ նախարարին: Հարցերի շրջանակը բավականին լայն է եղել, երիտասարդները հարցեր են ուղղել «Կանաչ էկոնոմիկա» ծրագրի, Երևանի բուսաբանական այգու, ոլորտում իրականացվող բարեփոխումների, էկոկրթության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ներկայացնելով քաղաքացիական հասարակության հետ նախարարության աշխատանքը Արծվիկ Մինասյանը հորդորել է լինել պատասխանատու քաղաքացի, սիրել բնությունն ու հայկական յուրօրինակ բնաշխարհը: Անդրադառնալով պատանիների` նախարարության հետ համատեղ աշխատանքի հնարավորությանը՝ նախարարն առաջարկել է մասնակցություն ունենալ Գոշ լճի շրջակայքում օգոստոսի 5-ին նախատեղվող շաբաթօրյակին, ինչին աշակերտները արձագանքել են մեծ ոգևորությամբ:

 

<
>