CNF-ի գործադիր տնօրենի հետ քննարկվել են ԲՀՊՏ-ները  դրամաշնորհային միջոցներով կայուն և նպատակային ֆինանսավորելու հարցերը

01-12-2017

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: 
Հանդիպմանը մասնակցել են նաև Նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը,  պաշտոնատար այլ անձինք և ստորաբաժանումների ղեկավարներ:  Ողջունելով հյուրերին Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ հերթական նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշման նախագիծը», որով  անտառային ոլորտում իրականացվող քաղաքականության վարումը վերապահվել է  ՀՀ բնապահպանության նախարարությանը: Բնապահպանության նախարարը կարևորել է CNF –ի հետ համագործակցության ընդլայնումը, որի մանդատի մեջ է մտնում բնության հատոկ պահպանվող տարածքներին աջակցությունը` նշելով, որ առաջիկայում ՀՀ բնապահպանության նախարարության կազմում ընդգրկվելիք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության տակ գտնվող անտառներում  առկա է 13 հատուկ պահպանվող տարածք և վերջիններիս կարողությունների հզորացումը նույնպես առաջնային խնդիր է:
Կողմերը քննարկել են 2017 թվականին համատեղ իրականացված ծրագրերի ընթացքը, արձանագրված արդյունքները, ինչպես նաև 2018 թվականին  ՀՀ կառավարության կողմից ԲՀՊՏ-ների կառավարման համար նախատեսված ֆինանսավորման չափը և այդ ուղղությամբ Կովկասի բնության հիմնադրամի նախատեսած դրամաշնորհային հատկացումների հիմնական ուղղությունները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, կարևորելով բնության հատուկ պահպանվող տարածքներում վարվող քաղաքականության լիարժեք իրականացումը և վերջիններիս կարողությունների զարգացման նպատակով հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացումը, առաջնային է համարել բոլոր ԲՀՊՏ-ների համար միասնական մոտեցման իրականացումը և այդ նպատակով առաջարկել վերանայել CNF -ի հետ  ունեցած շրջանակային համաձայնագիրը, ինչն արժանացել է Ջորջ Ջակոմինիի հավանությանը: Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել:

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրենի  խնդրանքով նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման  և դրանց կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընթացքը` առաջարկելով հիմնադրամի կողմից  ԲՀՊՏ-ների ընթացիկ ծախսերի համար նախատեսված դրամաշնորհային միջոցներից զատ, դիտարկել նաև անվտանգության տեխնիկական միջոցների ձեռքբերման նպատակով այլ գումարներ ներգրավելու հնարավորությունը: 

2017 թվականին արձանագրված անտառային հրդեհների աննախադեպ մեծ թվող դեպքերի համատեքստում` կողմերը քննարկել են նաև արդեն առաջիկա ամսում ԲՀՊՏ-ները հակահրդեհային  անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու հարցերը:

Նախարար Արծվիկ Մինասյանի առաջարկով` Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրենը համագործակցության առանձին հարցերը քննարկել է նաև նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի հետ:
 

<
>