ՀՀ օրենսդրությամբ վարչական և քրեական պատիժներ են նախատեսված խոզանների, բուսական մնացորդներով և չորացած բուսականությամբ տարածքների այրման համար

17-08-2017

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի:

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներից օգոստոսի 17-ին ստացված տեղեկատվության համաձայն ժամը 12-ի դրությամբ հրդեհների բռնկման դեպքեր չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, իրավիճակը վերահսկելի է:

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով կրկին դիմում է ՀՀ բնակչությանը` պահպանել հակահրդեհային կանոնները և ձեռնպահ մնալ խոզանների ու բուսական մնացուկների այրումից:

Հիշեցնենք, որ <<Մթնոլորտային օդի պահպանության մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի է) ենթակետով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով և չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 85.2 կետով վերոհիշյալ տարածքներում այրում կատարելու համար նախատեսվում է քաղաքացիների նկատմամբ տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսունապատիկի չափով:

Վնասի համապատասխան չափը գերազանցելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 297 և 298 հոդվածներով նախատեսվում է պատիժ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Բնության հատուկ պահպանվող տարածքներում նման դեպքերի համար նախատեսվում է պատիժ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով:

<
>