Կայքը վերաթողարկման փուլում է

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, բնական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ միջոցառումներն ընթանում են լայն թափով

26-09-2017

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զանգվածային լրատվության միջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է իր ղեկավարած գերատեսչության վերջին մեկ տարվա աշխատանքների արդյունքները։

 Հիշեցնելով, որ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ներկայացվել էր ոլորտի խնդիրների ախտորոշումը և, որպես ՀՀ շրջակա միջավայրի պատասխանատու գերատեսչություն, դրանց լուծման տեսլականը` բնապահպանության նախարարը նշել է, որ ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի նվազեցման, բնական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ միջոցառումների մի մասն իրականացվել է, մյուսները ընթացքի մեջ են: Երեք հիմնական` մասնագիտական բարձր որակների, հայրենասիրության, պատասխանատվության սկզբունքների վրա հիմնված կադրային քաղաքականությունը և կառուցվածքային բարեփոխումների ծրագրերը լիարժեք իրականացվում են: «Մեծ տեղ ենք հատկացրել միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ աշխատանքին, ինչը պետք է արտացոլվեր դրամաշնորհների տեսքով` երկիր գումարների մուտքի գործընթացում: Այս առումով մեր նախանշած ցուցանիշն ապահովվել է: Շուրջ 30,7 մլն ԱՄՆ դոլարի համարժեք դրամաշնորհային ծրագրեր մենք արդեն կնքել ենք, ինչն ուղղվելու է շրջակա միջավայրի բարելավմանը և համակարգի զարգացմանը: Դրամաշնորհային միջոցների թափանցիկությունը բարձրացնելու, պետական բյուջեի գանձապետական համակարգի միջոցներին համահունչ հրապարակայնություն ապահովելու` ՀՀ Նախագահի հանձնարարականի կատարման համատեքստում, արդեն մեծաքանակ դրամաշնորհային միջոցներ ներառվել են պետական բյուջե և բաշխվում են այնտեղից: Դրամաշնորհային բոլոր ծրագրերով հրապարակվում են ֆինանսական հաշվետվություններ»,- նշել է Ա. Մինասյանը:

Բնապահպանության նախարարը գերատեսչության կարևոր ձեռքբերում է համարել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ համակգործակցության սերտացումն ու ընդլայնումը` հատկապես ոլորտում որոշումների կայացման գործընթացում, ինչը թույլ է տալիս համակարգն առավել առաջանցիկ զարգացման տեմպերի վրա տեղափոխել. «ՀՀ բնապահպանության նախարարությունը որդեգրել և առաջնորդվում է այն սկզբունքով, որ հանրությունը պետք է ոչ միայն տեղյակ լինի ոլորտին վերաբերող որոշումներին, այլ մասնակցի դրանց ընդունման գործընթացին»:

Նախարարն ընդգծել է հանրության կողմից ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացման փաստը, ինչն արտահայտվում է մասնավոր նախաձեռնությունների թվի աճով, որոնք ուղղված են բնության հատուկ պահպանվող տարածների բարելավմանը  կամ  նոր տարածքների ստեղծմանը և որոնց մասին առաջիկայում կտեղեկացվի հանրությանը: Առաջիկայում կհրապարակվեն թե´ կազմակերպության, թե´ անձի անունը, ով իր ֆինանսական միջոցներով պատրաստ է ձևավորել բնության հատուկ պահպանվող տարածք, որտեղ բացառվելու է որսը, ի տարբերություն որսահանդակների, ինչը խոսում է հասարակության մոտ էկոմշակույթի ձևավորման մասին:

Ընդերքի քաղաքականության մասով հիմնարար վերափոխումներ են իրականացվում 3 ուղղություններով` ընդերքի շահագործման, մոնիթորինգի և դրանից հետո վերականգնողական աշխատանքների: Այս նպատակով ստեղծվել է շուրջ 15 նորմատիվ իրավական ակտ, ինչն ապահովելու է առաջիկայում մեծածավալ դրական փոփոխություններ:

Անդրադառնալով կառուցվածքային բարեփոխումներին` Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ձևավորվել են միասնական մոնիթորինգ իրականացնող պետական կազմակերպությունը ու Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը: Վերջինիս վերահսկողական լիազորություններն ուժեղացված են և այն դուրս է բերված ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությունից: «Սա թոյլ է տալիս ՀՀ բնապահպանության նախարարությանը  կենտրոնանալու  բնական ռեսուրսների հաշվառման, պլանավորման, մոնիթորինգի, հսկողության, վերականգնման և էկոկրթության գործառույթների վրա, ինչը շատ կարևոր է և կնպաստի շրջակա միջավայրի պահպանության հարցերում լիազոր մարմնի դերի և հեղինակության մեծացմանը»,- շեշտել է Արծվիկ Մինասյանը:

ՀՀ բնապահպանության նախարարը պատասխանել է լրագրողների երկու տասնյակից ավել հարցերին: Անդրադառնալով գլոբալ փոփոխություններով պայմանավորված հրդեհների կանխարգելման և դրանց դեմ պայքարի վերաբերյալ հարցերին` Ա. Մինասյանը նշել է, որ կլիմայի փոփոխություններով պայմանավորված գործընթացի շրջանակներում գերատեսչությունը շատ ակտիվ համագործակցության մեջ է պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Ինչի շրջանակներում հաստատվել է ազգային հարմարվողականության ծրագիրը, ըստ որի, գլոբալ փոփոխության պայմաններում Հայաստանը պետք է ունենա հարմարվողականության մեխանիզմներ և մեղմման գործողություններ / կանաչապատ տարածքների ընդլայնում, ածխածնի երկօքսիդի արտանետումների նվազեցում, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում/: Այդ նպատայկով կներգրավվեն դրամաշնորհային միջոցներ, ինպիսիք օրինակ այս տարի մեկնարկած 20 մլն ԱՄՆ դոլարի էնեգախնայողության դրամաշնորհային ծրագիրն է, որի հաջող իրականացմանը կհաջորդի նույն նպատակներով ցածր տոկոսով վարկային զգալի միջոցների ներգրավումը: Այս շրջանակներում բնապահպանության նախարարը կարևորել  է հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման համակարգերի ձևավորումը: Սակայն առանձնացրել է նաև հրդեհների ծագման ոչ կլիմայական, այլ մարդածին պատճառների գործոնը: Որպես օրինակ հիշատակել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի երկրորդ օրն արբանյակից արված լուսանկարը,/ որը տրամադրել էր ԱՄՆ կառավարությունը/, որտեղից երևում է, որ հրդեհի մի քանի օջախներ կան, որոնք միմյանցից գտնվում էին մեծ հեռավորության վրա, ինչը հնարավոր է միայն կայծակի դեպքում, որն այդ օրերին բացառվում էր: Նախարարը հայտնել է, որ այդ լուսանկարները փոխանցվել են իրավապահ մարմիններին`  հրդեհի պատճառների լիարժեք քննություն անցկացնելու համար:

Պատասխանելով «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ խստացված միջոցառումների դեմ Հաղարծին գյուղում կազմակերպված բողոքի ակցիաներին վերաբերող հարցին` Արծվիկ Մինասյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել մի երևույթի վրա, երբ մի կողմից նախարարությունից պահանջում էին խստացնել ապօրինի ծառահատումների դեմ պայքարը և երբ այդ ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացնում է առարկայական միջոցառումներ, հնչում են հակառակ պնդումները, որոնք սփռվում են նաև մամուլով, թե գյուղացուն զրկում են ապրուստի միջոցից: Նախարարը շեշտել է, որ որևէ գյուղացի, ով հոգում է իր տան վառելափայտի հարցը` խնդիր չի ունեցել, քանի որ նաև ՀՀ կառավարության որոշմամբ նրանց անվճար հատկացումներ են արվում: Խստացման միջոցառումներն ուղղված են այն անձանց դեմ, ովքեր էլ գաղաքացիներին  կազմակերպված դուրս են բերում փողոց` փորձելով իրենց անօրինական բիզնես շահը ներկայացնել գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում: «Սոցիալական խնդիրներ ունեն բոլոր մարզերի բնակիչները և չի կարելի ապօրինի ծառահատումները հիմնավորել դրանով: սոցիալական լարվածությունը նվազեցնելու նպատակով միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ բանակցություններ են տարվում այդ համայնքներում կողմնակի անտառօգտագործմանը նպաստող ծրագրեր իրականացնելու համար»,- ամփոփել է ՀՀ բնապահպանության նախարարը:

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

<
>