Նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

13-12-2017

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը  հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտային` վերջինիս խնդրանքով:
Կողմերը քննարկել են  այս տարի նոյեմբերի 6-17-ին Բոննում տեղի ունեցած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 23-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի և Լեհաստանի պատվիրակությունների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դիտարկվել են տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում լեհական առաջատար ձեռնարկությունների հետ բնապահպանության ոլորտում Հայաստանի համագործակցության մեխանիզմները:
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, շեշտելով, որ Հայաստանում զարգացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` առաջարկել է խթանել երկու երկրների համապատասխան կազմակերպությունների համագործակցությունը:
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Բնապահպանական ծրագրեր` պարտքի դիմաց» գործընթացի մասին և առաջարկել այդ ուղղությամբ Լեհաստանի ունեցած հաջողված փորձին ծանոթանալու նպատակով համապատասխան մասնագետների հետ հանդիպում կազմակերպել:
Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ բնապահպանության նախարարության և Լեհաստանի շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցության հուշագրի ստորագրմանն առնչվող հարցերին, որի վերաբերյալ նախնական համաձայնությունը ձեռք էր բերվել երկու երկրների բնապահպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:

 


 

<
>