Իրականացվել է ոլորտային փորձառության և մասնագիտական վերապատրաստման դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների համար

14-12-2017

Երևան քաղաքի հարավարևելյան սահմանին կից՝ Նուբարաշեն համայնքի վարչական տարածքում տեղակայված ժամկետանց վտանգավոր թունաքիմիկատների (պեստիցիդների) դեռևս խորհրդային ժամանակներից ժառանգած թափոնավայրի մաքրմանն ուղղված ՄԱԶԾ/ԳԷՀ «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագրի գործողությունների վերաբերյալ արդյունավետ և մասնագիտական տեսանկյունից պատշաճ իրազեկմանը և լուսաբանմանն օժանդակելու նպատակով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվել էր մեկօրյա ուսուցողական դասընթաց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Դասընթացը միտված էր մասնագիտական վերապատրաստման միջոցով աջակցել շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական ոլորտի զարգացման ծրագրերի լուսաբանմամբ զբաղվող լրագրողների նեղ ոլորտային տեղեկացվածության բարձրացմանը՝ կապված կայուն օրգանական աղտոտիչների, ժամկետանց պեստիցիդների վնասազերծման խնդիրների և լուծումների հետ: 
ԶԼՄ ներկայացուցիչներին ողջունել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, ծրագրի կառավարման խորհրդի համանախագահ Խաչիկ Հակոբյանը: Նախարարի տեղակալը մասնավորապես նշել է. Բարձր գնահատելով և խրախուսելով զանգվածային լրատվամիջոցների դերը բնապահպանական խնդիրների և միջոցառումների լուսաբանման և հասարակության իրազեկման ապահովման գործում, ՀՀ բնապահպանության նախարարությունը կարևորում և ողջունում է այսօրինակ դասընթացները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով երկրի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերների կայուն և արդյունավետ դիմակայման խնդիրը, պատրաստակամություն և պարտավորություն է ստանձնել լուծելու հանրապետության տարածքում կուտակված ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի քիմիական նյութերի, պեստիցիդների էկոլոգիապես անվտանգ հեռացման, մասնավորապես՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման հիմնախնդիրը: Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել ՄԱԶԾ/ԳԷՀ համագործակցության շրջանակում իրականացվող  աջակցության համար: 
Նախարարի տեղակալը պատասխանել է լսարանի բազմաթիվ հարցերին Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի լիկվիդացման ուղղությամբ նախատեսվող գործողությունների, ֆինանսավորման, ծրագրի տևողության և այլ հարցերի վերաբերյալ և մաղթել վերջիններիս արդյունավետ աշխատանք:
Ծրագրի համակարգող տիկին Գայանե Ղարագեբակյանը իր խոսքում ողջունել և շնորհակալություն է հայտնել ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրո առարկայի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության և դասընթացին մասնակցելու պատրաստակամության համար և  ներկայացրել Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և արտափորված թափոնի ոչնչացման ծրագիրը, քայլերի հնարավոր հերթականությունը՝ մասնավորապես Նուբւարաշենի թափոնավայրում ժամանակավոր ենթակառուցվածքների հիմնման, թաղված ժամկետանց պեստիցիդների արտափորման, ՄԱԿ-ի ստանդարտների պահանջներին համապատասխան տեղում փաթեթավորման, ժամանակավոր պահեստավորման և ոչնչացման վայր տեղափոխման գործընթացներին ու դրանց լուծման հնարավոր տարբերակները: 
Ծրագրի տեխնիկական խնդրի ղեկավար Վարդան Ծերունյանը ներկայացրել է վտանգավոր քիմիական թափոնների մաքրման ընդունված եղանակները, տեխնոլոգիաները, ոլորտում օգտագործվող նեղ մասնագիտական սահմանումները և տերմինաբանությունը, ինչպես նաև տեղում ոչնչացման և տարհանման վերաբերյալ լուծումների որոշ տարբերակներ:
ՀՀ-ում Բազելի կոնվենցիայի ազգային համակարգող, ծրագրի վտանգավոր թափոնի կառավարման հարցերով խորհրդատու Արտակ Խաչատրյանը ներկայացրել է Բազելի Կոնվենցիայի նպատակներն ու խնդիրները՝ որպես ծրագրին առնչվող և ոլորտը կարգավորող կոնվենցիա, այդ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունները, Նուբարաշենի թունաքիմիկատների խնդրի կարգավորման մեխանիզմները՝ երրորդ հնարավոր երկիր տարհանելու պարագայում:
Բնապահպանական տնտեսագիտության մասնագետ Էդիտա Վարդգեսյանը ներկայացրել է ՄԱԶԾ զարգացման ծրագրերում շրջակա միջավայրի անվտանգության գնահատման և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության մշակման, ներկայացվող պահանջների, գործընթացների, ոլորտը կարգավորող տեղական և միջազգային օրենսդրության մանրամասները և դրանց համեմատական վերլուծությունը:
Դասընթացի ավարտին ԶԼՄ ներկայացուցիչները հնչեցրել են մի շարք հարցադրումներ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի, այլ երկիր հնարավոր տարհանման, տեղում ոչնչացման հնարավորությունների և ռիսկերի վերաբերյալ: 
Դասընթացի ավարտին մասնակից ԶԼՄ ներկայացուցիչներին կազմակերպիչների կողմից հանձնվեցին  մասնակցության հավաստագրեր։ 

_________________________________________________________________
Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ գործակալության կողմից՝ Գլոբալ Էկոլոգիական Ֆոնդի (ԳԷՖ) ֆինանսական աջակցությամբ, նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ  
Ծրագիրը մեկնարկել է՝ 2015 թվականի մայիսին
Տևողությունը՝ չորս տարի
Ֆինանսավորումը՝ ԳԷՖ հատկացված 4,7մլն.  ԱՄՆ դոլար


 

<
>