Անցկացվել է սնդիկի գույքագրման տվյալների վավերացմանը նպատակաուղղված աշխատաժողով

31-01-2018

«Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատում Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սնդիկի գույքագրման տվյալների վավերացմանը նպատակաուղղված  աշխատաժողով։ Միջոցառմանը մասնակցեցին շահագրգիռ գերատեսչությունների, ՀՀ գիտությունների ազգային  ակադեմիայի, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին սնդիկի հիմնական աղբյուրները ՀՀ-ում, հաշվարկային եղանակով սնդիկի արտազատումների ծավալների գույքագրման և գնահատման արդյունքները։
2017 թվականի հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտի 13-ից:
Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը մանրակրկիտ ներկայացրեց Կոնվենցիայով ստանձնած պարտավորություններն ըստ Կոնվենցիայի հոդվածների, ինչպես նաև  ներկայացրեց սահմանափակումները, ինչը վերաբերվում է սնդիկի հավելիչներով արտադրված որոշ ապրանքատեսակների ցանկին, որոնց արտադրությունը և ներկրումը ՀՀ տարածք կարգելվի 2020 թվականից։
 Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության կատարված աշխատանքները՝ նպատակաուղղված սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ ազգաբնակչության իրազեկության բարձրացմանը։

<
>