ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը համագործակցության պայմանագիր է ստորագրել երկու քոլեջների հետ

08-02-2018

 ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանն այսօր համագործակցության պայմանագիր է ստորագրել երկու՝ «Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյանի և «Երևանի  էստրադային  և ջազային արվեստի  պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ։
Կողմերն ստորագրված փաստաթղթերով որակական նոր հարթության վրա են դրել մինչ այդ ունեցած համագործակցությունը, որը միտված է էկոկրթության զարգացմանը։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը պարտավորվել է «Զբոսաշրջության» և «Սպասարկման կազմակերպում» մասնագիտություն ստացող ուսանողների համար կազմակերպել մասնագիտական պրակտիկա, ինչպես նաև բնապահպանական և էկոկրթական թեմաներով էկոճանաչողական, տուրիզմի և էկոդաստիարակչական դասընթացներ անցկացնել՝ ըստ նախապես մշակված ուսումնական ծրագրի։
«Երևանի  էստրադային  և ջազային արվեստի  պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող դենդրոպարկերում անցկացնել կրթամշակութային միջոցառումներ։
«Արգելոցապարկային համալիր»ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը կարևորելով պայմանագրերի ստորագրումը՝ նշել է, որ դրանց շրջանակում  նախատեսվող  փոխգործակցությունը կնպաստի մատաղ սերնդի էկոկրթությանը և ընդհանրապես հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը։ Արգելոցապարկային համալիրի տնօրենը Էկոկրթության գործընթացում նաև կարևորել է արվեստի միջոցների կիրառումը։
«Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի   տնօրեն Արթուր Ղազարյանը կարևորել է էկոզբոսաշրջության մեջ մասնագիտացող ուսանողների արտադասարանային և գիտապրակտիկ դասընթացների անցկացումը համալիրի գիտական գծով մասնագետների հետ և հանրապետության տարբեր մարզերում գտնվող դենդրոպարկերում։
«Երևանի  էստրադային  և ջազային արվեստի  պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Դավթյանը նկատել է, որ բնապահպանության և արվեստի մերձեցումը երկրի զարգացման հիմնական գրավականներից է։
 

<
>