Աշխատանքային այց Սյունիքի մարզ

05-03-2018

  «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում  սոցիալական բաղադրիչով կատարված աշխատանքների առաջին փուլի արդյունքները գնահատելու և  երկրորդ փուլի առաջնահերթությունների, համայնքների առաջարկների և առկա սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը եռօրյա այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում։ 
   
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի տնօրեն, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը  Մեղրիի տարածաշրջանում հանդիպել  է Մեղրիի միավորված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի և համայնքի պատասխանատուների հետ։ Հանդիպմանը քննարկվել են ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները և ծրագրի երկրորդ փուլի ծրագրավորման համար համայնքի առաջարկները։ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է, որ ծրագրի միջոցներով միավորված համայնքի բոլոր 13 բնակավայրերն ապահովվել են գիշերային լուսավորության էներգախնայող լեդ լամպերով։ Լուսավորությունը գործում է ողջ գիշերվա ընթացքում։ Հ․ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Մեղրիի համայնքի ղեկավարին՝ Արևիք ազգային պարկի վարչական շենք կառուցելու նպատակով Մեղրի-Ագարակ հիմնադրամի կողմից 5000 մ2 տարածք նվիրաբերելու համար։ Մխիթար Զաքարյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և շեշտել, որ ծրագրի իրականացման գոհացուցիչ արդյունքները պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքներին անմիջականորեն ներգրավված է ՀՀ բնապահպանության նախարարությունը։ Համայնքապետը նշել է, որ լուսավորության նոր համակարգը չնչին ծախսերով սահմանամերձ հատվածի բնակիչների համար կարևոր խնդիր է լուծում։ Անդրադառնալով առաջիկա անելիքներին, Մ․ Զաքարյանն առաջնային է համարել համայքներում նախադպրոցական հաստատությունների առկայությունը և առաջարկել  ամբուլատորիաների շենքերը, որոնք տարածաշրջանում նոր և ժամանակակից առողջական կենտրոնի բացումից հետո անգործության են մատնված, ծրագրի երկորդ փուլով վերափոխել մանկապարտեզների, քանի որ այն սոցիալ-դեմոգրաֆիական կարևոր նշանակություն ունի տեղի բնակչության համար։  Հ․ Հովհաննիսյանը և Մխիթար Զաքարյանը մասնակցել են Վարդանիձոր և Լեհվազ համայնքներում կազմակերպված գյուղմթերքների արտադրության, ցուցադրության մրցույթին և մրցանակակիրներին հանձնել դրամական պարգևներ։ Վերոհիշյալ գյուղերում տեղի են ունեցել նաև մինչ այդ հայտարարված բիզնես-գաղափարների և սեփական համայնքների մասին պատմվածքների մրցույթների հաղթողներին գումարային մրցանակների հանձնման արարողություններ։ 
Աշխատանքային խումբն այցելել է նաև Մեղրիի տարածաշրջանի՝  փողոցային լուսավորությամբ ապահովված տարածքներ:
  Այցի հաջորդ օրը Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած աշխատանքային խմբին ընդունել է Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը։ Կողմերը քննարկել են միավորված համայնքի բոլոր 8 բնակավայրերում ծրագրի միջոցներով իրականացված աշխատանքները։ Ա․ Հայրապետյանը բարձր է գնահատել ծրագրի ցուցաբերած աջակցությունը և ներկայացրել երկրորդ փուլի համար համայնքի կողմից առաջնային համարվող և լուծման ենթակա խնդիրները։
  Նույն օրը ծրագրի ազգային տնօրենն այցելել է մրցույթի արդյունքում հաղթած՝  պատուհաններ արտադրող տեղական Արմ-Մար ՍՊ ընկերության գրասենյակ, ծանոթացել պատուհանների արտադրության գործընթացին և տեղում կարևորել հումքի և արտադրանքի որակը։ Հ․ Հովհաննիսյանը հանդիպել է նաև Հայանտառ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանին, ինչպես նաև «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի անձնակազմին։
 

<
>