Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

«Կինը և բնությունը» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի բնության պետական թանգարանում

07-04-2018

ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել «Կինը և բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Հայաստանի նկարիչների միության շուրջ տասներկու նկարչի աշխատանքները: Ցուցահանդեսը նվիրված էր Մայրության և գեղեցկության օրվան՝ ապրիլի 7-ին։ Բնության թանգարանի տնօրինության անունից ողջունելով հյուրերին՝ Հանրահռչակման և հասարակության հետ կապերի բաժնի պետ Գոհար Սամսոնյանը բարձր է գնահատել նմանատիպ միջոցառումների կարևորությունը, որոնք միտված են բնության հանդեպ հոգատարության սերմանմանը։  Բաժնի պետը, ներկայացնելով ցուցահանդեսի մասնակիցներին, նշել է, որ նկարիչների աշխատանքների գունագեղության շնորհիվ թանգարանը ողողվել է գարնան շնչով։
Ողջույնի խոսքով հանդես է եկել  ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ, պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանը (Թաթոսս), ով կարևորել է գեղանկարչության լեզվով կնոջ և բնության ներդաշնակումն ու մեծարումը։ 
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Հայաստանի նկարիչների միության անդամ, միջոցառմանն աջակցող Հռիփսիմե Գրիգորյանը, ով շնորհակալություն է հայտնել նկարիչներին, նրանց կատարած աշխատանքների, թանգարանի տնօրինությանը՝ հանձինս Գայանե Ղազարյանի՝ համագործակցության, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու համար։ Միջոցառման ավարտին թանգարանի տնօրենը շնորհավորեց կանանց միամսյակը, ցանկանալով նրանց ամենալավն ու բարին։
«Մեր տնօրինության կողմից թանգարանի ճեմասրահն անշահախնդիր տրամադրվում է բոլորին՝ սկսնակ նկարիչներից մինչև մեր մեծ վարպետները։Նմանատիպ միջոցառումները մեծապես նպաստում են հասարակության մոտ էկոլոգիական մշակույթի ձևավորմանը»,- իր խոսքում նշել է թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը։
 

<
>