Յուրաքանչյուր համայնքի համար պետք է մշակվեն ծառերի էտի առանձին մեթոդիկաներ 

15-05-2018

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  բնակավայրերի կանաչ գոտիների տեսակային կազմի ընտրության հիմնական սկզբունքները և էտի իրականացման մեթոդական ցուցումները սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակող աշխատանքային խմբի հերթական քննարկումը։
 Փաստաթղթի մշակման գործընթաց սկսելու համար հիմք է հանդիսացել հասարակության կողմից պարբերաբար հնչող ահազանգերն այն մասին, որ համայնքային իշխանությունները ծառերի էտն իրականացնում են սեփական հայեցողությամբ և շատ դեպքերում չափից շատ խորը։
Մշակվող որոշմամբ կանոնակարգվելու է  բնակավայրերում ծառերի ու թփերի էտի իրականացման մեթոդիկան, որով սահմանվելու է նաև յուրաքանչյուր բնակավայրի համար էտի իրականացման առանձին կարգերի հաստատման դրույթը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մշակվող փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ մասնագիտացված գիտական կառույցներից ստացված կարծիքները և առաջարկները։
Խաչիկ Հակոբյանը, ամփոփելով աշխատանքային հանդիպումը, առաջարկել է հնչած դիտարկումների հիման վրա կատարել նախագծի լրամշակում և սեղմ ժամկետում այն շրջանառել շահագրգիռ գերատեսչությունների միջև։


 

<
>