Բնապահպանական բարդ խնդիրները՝ երգիծանկարչության մատչելի լեզվով

08-06-2018

Շրջակա միջավայրի միջազգային օրվա կապակցությամբ Բնապահպանության նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը,  և Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը կազմակերպել էին «Առերեսում կլիմայի հետ. Շվեդիայի և Հայաստանի երգիծանկարիչները Ձեզ համար մտորումների առիթ են ստեղծել» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի և Շվեդիայի երգիծանկարիչների գործերը, որոնցում պատկերված  էին  կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքները ներկայացնող իրավիճակներ։
   Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը իր ողջույնի խոսքում կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկման նման միջոցառումները և շեշտել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կրթական բաղադրիչներով այն կտարածվի հասարակության լայն շրջանակներում՝ բնապահպանական նոր գաղափարներ ստանալու ակնկալիքով։
Իր ելույթում Գնել Սանոսյանը ընդգծել է արվեստի լեզվով բնապահպանական խնդիրների ներկայացման անհրաժեշտությունը։ Այս խորիմաստ և մատչելի նկարներով ներկայացվում է կլիմայի գլոբալ փոփոխության բարդ խնդիրը  և հասարակությանը կոչ է արվում մասնակից լինել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչին և Հայաստանում Շվեդիայի դեսպանին՝ բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցության համար:
   Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքը նկատել է, որ տնտեսության և բնապահպանության ճիշտ համադրումը նպաստում է կայուն զարգացմանը, ինչը փաստում է նաև իր երկրի փորձը։
   Ցուցահանդեսի նպատակն է խթանել կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության խնդիրների շուրջ քննարկումները և առաջարկել գլոբալ մարտահրավերներին դիմակայելու նոր և հեռանկարային լուծումներ:
 Միջոցառման օրակարգից դուրս ելույթ է ունեցել նաև Հայաստանի բնապահպանական ճակատի ներկայացուցիչը, ով բարձրացրել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման խնդիրը և բացասական գնահատել այդ գործընթացում Շվեդիայի ունեցած դերակատարությունը։
 Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանն արձագանքել է բնապահպան-ակտիվիստի ելույթին՝ տեղեկացնելով, որ Ամուլսարի և ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտի բոլոր խնդիրները նոր ձևավորված կառավարության առաջնահերթությունների շարքում են և դրանց լուծման ուղղությամբ հետևողական և ամենօրյա քայլեր են ձեռնարկվում։


 

<
>