Կընդլայնվի հայ-ամերիկյան համագործակցությունը բնապահպանության ոլորտում

12-06-2018

  Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ղեկավարած պատվիրակության հետ։
  Նախարարը կարևորել է  բնապահպանության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ արդյունավետ համագործակցությունը՝ մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների անտառային ծառայության  կողմից Խոսրովի անտառ պետական արգելոցում նախորդ տարի բռնկված հրդեհից հետո ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ Անտառային ծառայությունն առաջիկայում շատ ավելի մեծ և արդյունավետ ծրագարեր կիրականացնի Հայաստանում։
   Կարևորելով և բարձր գնահատելով Հայաստանի բնապահպանական գերատեսչության հետ համագործակցությունը՝ դեսպան Միլսը պատրաստակամություն է հայտնել էլ ավելի սերտացնելու այն։ <<Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Ջրային ռեսուրսների կառավարումը կարևոր է Հայաստանի կայուն տնտեսական զարգացման հարցում: Պատրաստ եմ դիտարկել ուղիներ՝ աջակցելու նոր կառավարության առաջնահերթությունների հետ կապված մարտահրավերների հաղթահարման հարցում>>,- իր ողջույնի խոսքում նշել է Ռիչարդ Միլսը։ Դեսպանը կարևորել է նաև <<Արդյունանահանող ճյուղերի թափանցիկության>> նախաձեռնությանը, որում Հայաստանը թեկնածու երկիր է։

Դեսպանի խնդրանքով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության վարած քաղաքականության հիմնական գերակայությունները։ Մասնավորապես հատկանշվել են բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների միասնական և առցանց համակարգի ներդրման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար ճշգրիտ ելակետային տվյալների ստացման, մոնիթորինգի, տեսչական վերահսկողության և բնապահպանական փորձաքննության համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի նախաձեռնած Բնություն՝ արտաքին պարտք գործընթացին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն ընդլայնելու երկկողմ համագործակցությունը՝ նրա շրջանակներում ներառելով նոր բնապահպանական ոլորտներ։


 

<
>