Բնապահպանական ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցության հնարավորությունները կօգտագործվեն լիարժեք

19-06-2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։
Նախարարը ողջունել և շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ նշելով, որ բնապահպանության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի երկարամյա համագործակցությունը կայուն հիմքերի վրա է, ինչը լավագույն նախապայմանն է հետագա շարունակական սերտ համագործակցության և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Նկատելով, որ որոշ բնապահպանական խնդիրների լուծման գործում Ճապոնիան առաջնային դերակատարություն ունի՝ Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է մասնավորապես սնդիկի դեմ պայքարին, որի շրջանակներում Հայաստանն ստորագրել և վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունները բնապահպանության ոլորտում նոր մակարդակի կբարձրանա՝ դառնալով առավել ակտիվ ու լայնածավալ: 
Հայաստանում Ճապոնիայի դեսպանը գոհունակությամբ շեշտել է, որ իր պաշտոնավարման սկիզբը համընկել է Հայաստանի նոր կառավարության ձևավորման հետ և համոզմունք հայտնել, որ հետագա համագործակցությունն արդյունավետ կլինի։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին կարևորել է բնապահպանական մարտահրավերներին դիմակայելը, որոնք վերջին շրջանում համամարդկային բնույթ են ստացել և հայտնել է իր երկրի պատրաստակամությունը՝ կիսվելու այդ ուղղությամբ ունեցած լավագույն փորձով։ Դեսպանը ներկայացրել է նախորդ դարի վաթսունական թվականներին Ճապոնիայի ունեցած բնապահպանական խնդիրները, որոնք հնարավոր է եղել հաղթահարել պետության  և բիզնեսի համագործակցության շնորհիվ։ Բնապահպանության նախարարը նույնպես կարևորել և առաջնային է համարել պետությունների տնտեսական զարգացման գործընթացում բնապահպանական և սոցիալական բաղադրիչների համադրումը և հատկանշել այդ հարցում համագործակցության լայն հնարավորությունները։
Անդրադարձ է եղել նաև <<Կանաչ կլիմայական հիմնադրամի>> շրջանակներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին՝ նկատի ունենալով, որ Ճապոնիան հիմնադրամի հիմնական դոնոր պետություններից է։
 

<
>