Տեղի է ունեցել օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման գործողություններին նվիրված քննարկում

26-07-2018

       2018 թվականի հուլիսի 24-ին բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԶԿ-ի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ տեղի է ունեցել «Մոնրեալի արձանագրության Կիգալիի ուղղումը որպես կամուրջ օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման գործողությունների միջև» խորագրով աշխատանքային հանդիպումը: 
    Համաժողովին մասնակցել են Օզոնի ազգային կենտրոնի և Կլիմայի փոփոխության կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև նախարարության մի շարք ստորաբաժանումների աշխատակիցներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը` ով անդրադարձել է երկու կոնվենցիաներով երկրի ստանձնած պարտավորություններին և դրանց միջև համագործակցության կարևորությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են  սառեցման, օդորակման և ջերմային պոմպերի օգտագործման  ոլորտում Էներգաարդյունավետության  կարևորությունը, Հայաստանում ստանդարտների ընդունման գործընթացին, պետական և համայնքային գնումների գործընթացում սառեցման ու օդորակման համակարգերի էներգաարդյունավետության պահանջների սահմանմանը և ՀՖԱ-ների վերաբերյալ տվյալների շարունակական հավաքագրման գործընթացին (ինստիտուցիոնալ և կազմակերպչական մոտեցումներ) վերաբերող հարցեր: 
    Հանդիպումն ամփոփելուց առաջ տեղի է ունեցել մասնագիտական քննարկում, ինչի արդյունքում ներկայացվել են առաջարկներ՝ գործողությունների ճանապարհային քարտեզի մշակման վերաբերյալ։

<
>