KfW բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ համագործակցության ընթացքն ու հեռանկարները

31-08-2018

  Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական զարգացման բանկի /KfW/ համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշին, «ՋՌՀԿ/Ախուրյան գետ» ծրագրի նորանշանակ ղեկավար Ռոբերտ Ռոտին և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:
    Բնապահպանության նախարարը ողջունել է հյուրերին Հայաստանում, անդրադարձել KfW բանկի հետ բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցությանը՝ շեշտելով այն ընդլայնելու և խորացնելու անհրաժեշտությունը։
    Մարիոն Քնիշը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը։ Հյուրն անդրադարձել է ծրագրի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության  գնահատման գործընթացին։
   Նախարար Էրիկ Գրիգորյանն առաջնային է համարել Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, ինչը պայմանավորված է գլոբալ կլիմայական փոփոխություններով ու գյուղատնտեսության ծավալների աճով և այդ առումով կարևորել գերմանական կողմի հետ մեծածավալ ծրագրերի  իրագործումը։ Հյուրերի խնդրանքով բնապահպանության նախարարը ներկայացրել է նաև ջրային ոլորտի ներկայիս վիճակը և առկա խնդիրների լուծման նպատակով տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները։
  Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համատեղ արդյունավետ աշխատանքին միտված հանձնառությունը և համագործակցության խորացման պատրաստակամությունը:
 

<
>