Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանին

07-11-2018

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է  Հայաստանում Շվեդիայի Թագավորության  նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուրլիկ Տիդեստրյոմին և դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնին։
   Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է Ուրլիկ Տիդեստրյոմին Հայաստանում դեսպանի առաքելության ստանձնման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ոլորտում երկու երկրների համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի ու կխորանա։
   Դեսպանը շեշտել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո գերատեսչությունների հետ հանդիպումները սկսել է Բնապահպանության նախարարությունից՝ կարևորելով բնապահպանական հարցերի շուրջ փոխգործակցությունը։
   Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել համամարդկային բնապահպանական հիմնախնդիրներին, մասնավորապես  կլիմայի փոփոխության և մեկանգամյա օգտագործման պլաստիկի հարցերին, որոնց լուծմանն ուղղված միջազգային գործընթացներին ակտիվորեն ներգրավված է նաև Հայաստանը։ Դեսպանի խնդրանքով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում վարվող քաղաքականությունը, նախաձեռնած բարեփոխումների հիմնական ուղղությունները և թիրախները։ Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդգծել է անտառների և կոշտ թափոնների կառավարման ոլորտներում Շվեդիայի հարուստ փորձը և կարևորել Հայաստանում դրա ներդնմանն ուղղված գործնական քայլերը։
  Ուրլիկ Տիդեստրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաստատել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու բնապահպանության ոլորտում Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներին։

<
>