Մասնագիտական քննարկում՝ Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների վերաբերյալ

16-11-2018

Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցի շրջանակներում Անի Պլազա հյուրանոցային համալիրի կոնֆերանսների դահլիճում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում, որին մասնակցել են նախարարությունների և շահագրգիռ կառույցների պատասխանատուներ, Գործընկերության պատվիրակության անդամներ,  միջազգային ծրագրերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։ 
Ելույթով հանդես են եկել բնապահպանության նախարարի տեղակալ Ի. Ղափլանյանը, Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության աջակցման միության երկրի ներգրավվածության գծով փոխտնօրեն Ռոմեո Բերտոլինին և Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության աջակցման միության Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հարցերով մասնագետ Լի Կանդոն:
Աշխատանքային քննարկմանն անդրադարձ է եղել Ազգային մակարդակով սահմանված ներդրումների իրականացման, ձեռքբերումների և մարտահրավերների ներկա վիճակին, օրենսդրության և ինստիտուցիոնալ հնարավոր կարգավորումներին, Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության ակնարկին: Նախանշվել են Հայաստանի կողմից իրականացվելիք գործողությունների ընթացքը։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Իրինա Ղափլանյանը նշել է, որ  կլիմայական գործընթացներով պայմանավորված քաղաքականությունը համընդգրկուն է և Փարիզյան համաձայնագրին միացած երկրները շատ անելիքներ ունեն գլոբալ մարտահրավերին դիմակայելու համար, իսկ ակնկալվող արդյունքներին հասնելու համար երկրների փոխգործակցությունն առաջնային է։

<
>