Կիտոյում տեղի է ունեցել Մոնրեալի արձանագրության կողմերի երեսուներորդ հանդիպումը

19-11-2018

 

Էկվադորի Հանրապետության Կիտո քաղաքում տեղի է ունեցել «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմերի երեսուներորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը և Օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը: 

Հանդիպման բացման խոսքով հանդես է եկել Էկվադորի Հանրապետության նախագահը՝ ընդգծելով երկրի ջանքերը կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ: Բացման փուլից հետո սահմանված ընթացակարգով Մոնրեալի արձանագրության կողմերի երեսուներորդ հանդիպման բյուրոյի նախագահ է ընտրվել Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Ղահրամանյանը:

Հայաստանի պատվիրակությունը Բոսնիայի և Հերցեգովինայի պատվիրակության հետ համատեղ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային խմբի անունից մշակել է որոշման նախագիծ, ըստ որի՝ տվյալ տարածաշրջանի անդամ երկրներին իրավունք է տրվում Մոնրեալի արձանագրության Բազմակողմանի հիմնադրամի գործադիր  կոմիտեի աշխատանքներին մասնակցել տարեկան կտրվածքով, քանի որ ի տարբերություն մյուս տարածաշրջանային խմբերի երկրներին, վերոհիշյալ երկրները երկար ժամանակ զրկված են եղել այդ հնարավորությունից: 

Նստաշրջանի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Մոնրեալի արձանագրության 7-րդ հոդվածով սահմանված օզոնաքայքայիչ նյութերի գործածման տարեկան տվյալների ներկայացման ժամկետներին և ձևաչափին, մթնոլորտում հայտնաբերված ապօրինի <<քլորֆտորածխածիններ 11-ի>> հարցին՝ ընդգծելով Չինաստանի կողմից համապատասխան գործողությունների իրականացման, ինչպես նաև օզոնաքայքայիչ նյութերի կամ Ֆ-գազերի փոխարինման ընթացքում էներգաարդյունավետության կարևորությունը:
 

<
>