Ավարտի փուլում է Հայաստանի «Կենսաբազմազանության 6-րդ ազգային զեկույցի» պատրաստման աշխատանքները

25-12-2018

Բնապահպանության նախարարությունում ավարտի փուլում են գտնվում «Կենսաբազմազանության 6-րդ ազգային զեկույցի» պատրաստման աշխատանքները։ Լինելով աշխարհում հարուստ կենսաբազմազանություն ունեցող 25, իսկ Եվրոպայում 2 թեժ կետերից մեկը՝ Հայաստանը նպատակային քաղաքականություն է տանում այն պահպանելու ուղղությամբ։
Ազգային զեկույցի նախագծի լրամշակման ու վերջնական տարբերակի բերելու նպատակով կազմակերպվել է երկօրյա աշխատաժողով՝ շահագրգիռ նախարարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանն աշխատաժողովում ունեցած իր ելույթում կարևորել է նման ձևաչափով քննարկումները: «Կենսաբազմազանության կոնվենցիայի շրջանակներում նախատեսված գործողությունների իրականացման ուղղությամբ ունենք որոշ ձեռքբերումներ, բայց, միևնույն ժամանակ, առանցքային ուղղություններով դեռ բավականին անելիքներ կան, և առաջիկայում այդ մարտահրավերներով լուրջ գործընթացներ պետք է սկսենք»,- նշել է նախարարի տեղակալը։
Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի տնօրեն Նունե Հարությունյանը ներկայացրել է «Կենսաբազմազանության 6-րդ ազգային զեկույցի» նախագիծը, այն մշակելու նոր ձևաչափի պահանջները, որոնք միտված են կենսաբազմազանության կոնվենցիայի նպատակային թիրախներին հասնելու՝ Հայաստանի ներդրմանը և ռազմավարական մոտեցումներին։
Փակման նիստում ամփոփվել են աշխատաժողովի արդյունքները, որոնք հաշվի կառնվեն ազգային զեկույցի վերջնական տարբերակում։

<
>