Պետություն-մասնավոր համագործակցություն՝ բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման նպատակով

01-02-2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և  «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության տնօրեն Քրիստոֆ Սպեկն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը միտված է շրջակա միջավայրի պահպանությանը ու վերականգնմանը, թափոնների և ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։ 
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ ընկերության հետ նախարարությունն արդեն ունի արդյունավետ համագործակցության փորձ` ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում և ստորագրվող հուշագրով սկիզբ է դրվում համագործակցության նոր՝ ավելի ընդգրկուն փուլի։ Նախարարը հույս է հայտնել, որ գործընկերության այս օրինակն ավելի մեծ թվով մասնավոր ընկերությունների և գործարար շրջանակների համար պետության հետ բնապահպանական խնդիրների լուծման  ուղղությամբ համագործակցության խթան կհանդիսանա։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության տնօրեն Քրիստոֆ Սպեկը գոհունակությամբ նկատել է, որ ստորագրված հուշագրով  ընդլայնվում  են բնապահպանական խնդիրների, դրանց թվում նաև թափոնների դեմ պայքարի իրենց միջոցառումները՝ ընդգրկելով Հայաստանի մարզերը և տեղեկացրել է, որ նման բնապահպանական հիմնախնդիրների դեմ նաև սեփական օրինակով են պայքարում՝ վերամշակելով ընկերության ներքին թափոնների 98 տոկոսը։
Թափոնների կայուն կառավարման ուղղությամբ համագործակցության շրջանակներում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը տրամադրել է  պլաստիկ շշի համար նախատեսված 25 տարա։ 5 տարա նույն օրը տեղադրվել է Երևան քաղաքի Խաչքարերի պուրակում, իսկ 20-նն առաջիկա օրերին կտեղադրվի Թալին քաղաքում՝ օժանդակելով Բնապահպանության նախարարության նախաձեռնած «Կանաչ Թալին» ծրագրին։ Ընկերությունն իրականացնելու է նաև այդ տարաներում կուտակված պլաստիկի տեղափոխումն ու վերամշակումը։

<
>