ՀԲ պատվիրակությունների հետ քննարկվել են բնապահպանական նոր քաղաքականությանն աջակցելու մեխանիզմները

28-02-2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը փետրվարի 27-ին և 28-ին հանդիպումներ է ունեցել Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի առաքելության անդամների հետ՝ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բուսութղոյի և շրջակա միջավայրի հարցերով գլխավոր մասնագետ Սամիր Ակբարի գլխավորությամբ։
Կողմերը քննարկել են շրջակա միջավայրի պահպանության հարցերում համագործակցության ընդլայնմանը և դրա համատեքստում բնապահպանական առաջնահերթությունների համար ֆինանսների մոբիլիզացման նոր հարթակի  ձևավորմանը վերաբերող հարցեր։ Հարթակը նպաստելու է նաև Հայաստանի նախաձեռնած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի լիարժեք ներդրմանը և արդյունավետ կիրառմանը։
Հանդիպումների ժամանակ դիտարկվել է նաև Հայաստանի հետ բանկի համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթի բնապահպանական բաղադրիչը։
Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող համալիր բարեփոխումների քաղաքականությունը, բնապահպանական նորմերի պահպանման, շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմման ուղղությամբ կատարվող օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները։ Բնապահպանության նախարարն առաջնային է համարել կենսաբազմազանության առումով Եվրոպայի երկու թեժ կետերից մեկում գտնվող Հայաստանի հարուստ բնաշխարհի պահպանությանն ուղղված ծրագրերի նպատակային իրականացումը և երկարաժամկետ արդյունքների ապահովումը։
Պատվիրակությունների ղեկավարները վերահաստատել են Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու  Հայաստանի նոր ձևավորված կառավարության կողմից բնապահպանության ոլորտում վարվող քաղաքականությանը, դրա շրջանակներում մեկնարկած բարեփոխումները խթանող նոր ծրագրերի ներգրավմանը և իրականացմանը։
 

<
>