Նախարարություններին փոխանցվեց 360 հրշեջների համար ձեռքբերված հակահրդեհային միջոցները

19-03-2019

Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի է ունեցել 360 հրշեջների համար ձեռքբերված հակահրդեհային գործիքների և սարքավորումների՝ Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին փոխանցման արարողությունը: 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը և իրականացնում ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակը։
 Արարողությանը մասնակցել են Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը, ոլորտի փորձագետներ ու մասնագետներ։
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը խորհրդանշական է  համարել հանձնման արարողությունը կենսաբազմազանության առումով աշխարհի կարևոր վայրերից մեկում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում անցկացնելը։ Նախարարը ծրագրի իրականացման ընթացքն արդյունավետ է գնահատել, քանի որ ծրագրի թիմի և Բնապահպանության նախարարության տեսլականները համընկել են, այն է՝ Հայաստանը պետք է ունենա անտառային և դաշտային հրդեհների կառավարման ժամանակակից-նորարարական ծրագրերի օգտագործմամբ, ուժեղ, առցանց համակարգ։ Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և ՄԱԶԾ-ի գործընկերներին՝ ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար։ 
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է Հայաստանի բարդ ռելիեֆի պայմաններում արդյուանվետ հակահրդեհային և կանխարգելիչ միջոցների ձեռքբերումը և համոզմունք հայտնել, որ Բնապահպանության նախարարության հետ համագործակցությունն արդյունավետ կլինի։
 ՌԴ դեսպանն առաջնային է համարել այս ոլորտում Հայաստանի կառավարության կողմից տարվող քաղաքականությանը աջակցություն ցուցաբերելը և նկատել, որ ՌԴ-ի տրամադրած օժանդակությունը հարաբերականորեն ոչ մեծ, բայց կարևոր բաղադրիչ է երկու երկրների ռացմավարական հարաբերությունների մեջ և այն  շարունակական բնույթ է կրելու։
 Դմիտրի Մարիասինն այս ծրագիրը Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների, ՌԴ-ի և ՄԱԶԾ-ի արդյունավետ համագործակցության օրինակ է որակել, որի հիմնական նպատակը կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմումն է։ 
Միջոցառման ընթացքում Բնապահպանության, ԱԻՆ նախարարները և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը ստորագրել են գույքի հանձնման-ընդունման փաստաթղթերը։
Ծրագրի նպատակն է մեղմել կլիմայի փոփոխության պայմաններում անտառային և դաշտային հրդեհների ռիսկերը՝ տեխնիկական ներուժի զարգացման միջոցով հզորացնել վաղ նախազգուշացման և մշտադիտարկման համակարգերը, հսկողության, կանխարգելման և հրդեհների մարման ժամանակ հստակեցնել համապատասխան կառույցների դերը և պարտականությունները։ Ծրագրի շրջանակներում կաջակցվեն և կխրախուսվեն անտառային և դաշտային հրդեհների մեղմմանն ու կանխմանն ուղղված այլընտրնաքային ձեռներեցությունը և նորարարական մոտեցումները:

<
>