Ձևավորվող ջրային ռեսուրսները պետք է առավելագույնս օգտագործվեն ի շահ Հայաստանի

22-03-2019

Մարտի 22-ին Ջրի համաշխարհային օրվան նվիրված համատեղ միջոցառում են կազմակերպել Բնապահպանության նախարարությունը և  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը։ ՄԱԿ-ի կողմից հռչակված օրվա խորհուրդն է՝ ջրի կենսական կարևորության, ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանման, ինչպես նաև աղտոտված ջուրն առողջության և գոյատևման համար մաքուր և անվտանգ դարձնելու խնդիրներին հասարակության ուշադրության բևեռելը։
Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ ոլորտում տարվող քաղաքականության շրջանակներում մշակվում է Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն, որի լուծելիք խնդիրն մեկն է՝ Հանրապետության ջրային ռեսուրսների՝ ի շահ մեր պետության առավելագույնս օգտագործելը։ Նշելով, որ տարբեր հաշվարկներով Հայաստանում ձևավորվող 7-8 մլրդ մ³ ջրերից 4-5 մլրդ մ³-ը հոսում է մեր երկրի տարածքից դուրս, նախարարը ոլորտի առաջնային խնդիր է համարել ճիշտ կառավարմամբ ջրային ռեսուրսների առավելագույն օգտագործումը՝ կլիմայական փոփոխությունների և աճող պահանջարկի պայմաններում, ինչպես նաև ջրի որակի ապահովումը՝ աղտոտման կանխարգելման սկզբունքով։ Բնապահպանության նախարարը շնորհավորել է Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ և կոչ արել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին միավորել ջանքերը ոլորտում առկա խնդիրները լուծելու համար։
ԱՄՆ ՄՋԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը  նշել է, որ  գործակալությունն աջակցում է ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականության արդյունավետ իրականացմանը և ջրային ռեսուրսների կառավարմանը հասարակության լայն շերտերի մասնակցության խթանմանը։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարար Գրիգորյանը տեղեկացրել է ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ տարվող լայնածավալ միջոցառումների մասին, որի շրջանակներում միայն վերջին 6 ամսում նախարարությունը՝ ջրային ռեսուրսների օգտագործման պայմանների 280 խախտում է հայտնաբերել և ուղարկվել իրավապահ մարմիններին, այն դեպքում, երբ նախորդ երեք տարիների ընթացքում բացահայտված խախտումները 15-ն են եղել։ 
   Միջոցառմանը բարձրացվել են մակերևութային և ստորերկրյա ջրերի խնդիրներին և դրանց արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցեր, ներկայացվել լուծման ընթացիկ և հեռանկարային ծրագրեր՝ նկատի ունենալով աշխարհի ներկա վիճակը, երբ, ավելի քան 30 երկիր ջրի սակավության խնդիր ունի, շուրջ մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2,6 միլիարդը` ջրի օգտագործման սանիտարահիգիենիկ պայմաններ: 

<
>