Պարզաբանում

08-05-2019

<<Ժողովուրդ>>  օրաթերթի մայիսի 8-ի թիվ 80 թողարկման մեջ հրապարակված «Մաքրման աշխատանքների համար մրցույթ դեռ չի հայտարարվել» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել անճշտություններ։  Մեջբերելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ մայիսի 7-ին ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունը՝ հոդվածագիրը գրել է, որ բնապահպանության նախարարը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները որոշ տեղերում սկսվել են։
   Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ նախարար Էրիկ Գրիգորյանը  պատգամավորների հետ տվյալ հանդիպման ժամանակ նման հայտարարություն չի արել։ Ընդհակառակը՝ պատգամավորներին տեղեկացրել է, որ իրականացվում են մաքրման ենթակա տարածքների ժամանակակից միջոցներով՝ թռչող սարքերով և տիեզերական պատկերներով ճշգրտման աշխատանքներ, և որոշ տեղերում սկսվել են քարտեզագրման, տեղանքի որոշման և նախագծանախահաշվային նյութերի պատրաստման աշխատանքներ։ Նախարարի այս հայտարարությունը, հավանաբար, պատգամավորի կողմից ընկալվել է վերոհիշյալ խոսքի համատեքստից դուրս և այդ սխալ ընկալման վրա նյութի հեղինակը կառուցել է հոդվածը։
    Հայտնում ենք նաև, որ Սևանա լճի էկոհամակարգի պահպանումը Բնապահպանության նախարարության հիմնական առաջնահերթություններից է և այդ ուղղությամբ իրականացվում են նպատակային և հետևողական միջոցառումներ՝ զուգահեռ շտկելով նախկինում թույլ տված բացթողումները։ Մասնավորապես՝ Սևանա լճի ափամերձ տարածքներում նախկին տարիներին իրականացված մաքրման աշխատանքների վերլուծությունների արդյունքում արձանագրվել են որոշ  անճշտություններ և այդ վերլուծությունները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն։

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

<
>