Երևանի քաղաքապետարանի մոտ 350 աշխատակից վերապատրաստվում են բնապահպանական թեմաներով

14-05-2019

Բնապահպանության նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ կաղմակերպել էին «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում հանրային և քաղաքացիական ծառայողների բնապահպանական թեմաներով դասընթացների մեկնարկի միջոցառում։  Դասընթացների առաջին փուլով նախատեսվում է վերապատրաստել Երևանի քաղաքապետարանի մոտ 350 աշխատակցի։ Դրանք իրականացնելու է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ծրագրի հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը,  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, պետական և գիտական այլ մարմինների ներկայացուցիչներ։
   Ողջույնի խոսքում կարևորելով նախարարության համակարգման ներքո իրականացվող ծրագրի շրջանակներում բնական ռեսուրսների կառավարման գործընթացում որոշում ընդունողների կարողությունների հզորացմանը միտված միջոցառումները՝ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը  շեշտել է, որ դրանք նպատակաուղղված են մարդկային կենսական պահանջների և բնական միջավայրի միջև հավասարակշռության ապահովմանը։  
«Ապրելով քաղաքում, երբեմն մոռանում ենք, որ քաղաքը դա բարդ էկոհամակարգ է, որը կայուն չէ և օժտված չէ այն ինքնակարգավորման հատկություններով, որոնցով օժտված են բնական էկոհամակարգերը։ Ներկայում ամեն օր արդիական է դառնում «կանաչ» քաղաքի տեսլականը, որի իրականացման դեպքում, մենք կկարողանանք ապահովել այդ կարևոր ինքնակարգավորման համակարգերը՝ լինի դա կանաչ տարածքների ստեղծումը, օդի աղտոտվածության նվազեցումը, տրանսպորտի օպտիմալացումը ու էլեկտրատրանսպորտի ներմուծումը, կամ աղբի տեսակավորումն ու կայուն կառավարումը։ Երևանն արդեն ունենալով «Խելացի քաղաք», «Կանաչ քաղաք»  հաստատված հայեցակարգերը, քայլ առ քայլ պետք է իրականացնի դրանցում մշակված միջոցառումները, և այս ծրագիրն ավելի կմոտեցնի «կանաչ» և «խելացի» Երևանի տեսլականի և հայեցակարգի իրականացմանը»,- ընդգծել է փոխնախարարը՝ կարևորելով մեկնարկային դասընթացները երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ անցկացնելու փաստը։
   Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և մյուս ելույթ ունեցողներն առաջնային են համարել բնապահպանությունը ու առկա խնդիրների լուծման վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։
 Վերապատրաստումը կանցկացվի «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից մշակված  11 մոդուլներով՝ կայուն քաղաքների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, շրջանաձև տնտեսության, բնապահպանական կառավարման, պատասխանատու սպառման և այլ թեմաների վերաբերյալ։

<
>