Շրջակա միջավայրի նախարարը հանդիպման է հրավիրել բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների ներկայացուցիչներին

10-06-2019

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հանդիպման է հրավիրել Արագածոտնի մարզի Արագած գյուղի մի խումբ բնակիչների, որին մասնակցել է նաև տվյալ ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։ Քաղաքացիները հանդիպման էին ներկայացել բողոքի ակցիայի վայրից, որտեղ իրենց դժգոհությունն էին հայտնում Գեղարոտ գետի վրա կառուցված երկու փհէկերի աշխատանքից՝ գտնելով, որ դրանց գործելու ժամանակահատվածում գետի ջուրը չի հասցնում ինքնամաքրվել, ինչը բացասաբար է ազդում գյուղատնտեսական մշակաբույսերի և ծառերի վրա։ Նախարար Էրիկ Գրիգորյանը լսել է հանդիպմանը ներկայացած քաղաքացիներին և տեղեկացրել, որ խնդրի լուծման նպատակով իր հրամանով ձևավորված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի գործողությունների շրջանակներում ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ը իրականացնում է գետի ջրի ուսումնասիրություն։ Համալիր ուսումնասիրությունների վերջնական արդյունքներից հետո հնարավոր կլինի լուծումներ առաջարկել խնդրին։ Նախարարը նշել է, որ ներկայում Գեղարոտ գետի ջրի մոնիթորինգ իրականացնող խմբի կազմում նախարարության աշխատակիցներից բացի ընդգրկված Արագած գյուղի երկու բնակչին կներգրավեն նաև միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից իրականացվելիք արդյունքների ամփոփման գործընթացներում։ Նախարար Էրիկ Գրիգորյանը շեշտել է, որ խնդրին պետք է լուծում տրվի գործող օրենքների շրջանակներում:

<
>