«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այսուհետ համազգեստ են կրելու

11-10-2019

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել  անտառտնտեսությունների աշխատակիցների համազգեստների բաշխումը։

Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։

Վարդան Մելիքյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին անտառային համազգեստի ստացման կապակցությամբ, նշելով, որ անտառի աշխատակիցը պետք է ունենա անհրաժեշտ պարագաները և տեխնիկական միջոցները, որպեսզի կարողանա լավագույնս ապահովել և արդյունավետ իրականացնել թե անտառների պահպանումը, թե ընդարձակումը, թե էկոհամակարգերի զարգացումը։

ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի պետական բյուջեից 37 միլիոն դրամ է հատկացվել համազգեստների և կոշիկների ձեռք բերման համար։

Վահե Մացակյանը համազգեստների առաջին խմբաքանակը հանձնել է ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն», «Իջևանի անտառտնտեսություն», «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին՝ ընդգծելով, որ անկախացումից ի վեր այս իրադարձությունն աննախադեպ է «Հայանտառ»-ի համար։ «Համազգեստը ոչ միայն ինչ-որ չափով լուծելու է աշխատակիցների սոցիալական խնդիրը, այլև կարևորելու է անտառի աշխատակցի դերը»-նշել է ՊՈԱԿ-ի տնօրենը:

Շրջակա միջավայրի նախարարության հետ իրականացվող՝ ՄԱԶԾ-ի «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» և «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին փոխանցվել է մեկական ամենագնաց ավտոմեքենա, որոնք կկահավորվեն համապատասխան սարքավորումներով և կօգտագործվեն հրդեհաշիջման նպատակով։

<
>