Երևանում տեղի է ունեցել սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանը նվիրված սեմինար

04-11-2019

«Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում տեղի է ունեցել «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի ներածական սեմինարը։
Ծրագիրն իրականացնում է շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ` «Սնդիկի վերաբերյալ նպատակային միջազգային ծրագրի» աջակցությամբ:
2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան։ Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ պարտավոր է միջոցներ ձեռնարկել սնդիկի և սնդիկի միացությունների էկոլոգիապես անվտանգ պահման և սնդիկ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման համար, հաշվի առնելով վտանգավոր թափոնների մասին Բազելի կոնվենցիայի ղեկավար սկզբունքները:
Ծրագրի շրջանակներում ակնկալվում է Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանում ամրապնդել ներուժը։ Այն կիրականացվի սնդիկ պարունակող լամպերի հոսքերի որոշման միջոցով, ներառյալ ներմուծումը, բաշխումը, օգտագործումը և տարեկան առաջացող թափոնների ծավալները և նպատակաուղղված կլինի սնդիկ պարունակող արտադրանքի արդյունավետ հավաքման, պահման, փոխադրման և վերամշակման համար ռազմավարության մշակմանը։ Սնդիկի հիմնախնդրի հետ կապված ելույթներով հանդես են եկել շրջակա միջավայրի, առողջապահության, արտակարգ իրավիճակների և Էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաև գիտությունների ազգային ակադեմիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Սեմինարի ընթացքում կայացել է նաև կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանի Հանրապետությունում կապար պարունակող ներկերից փուլային հրաժարման վերաբերյալ։

<
>